ԱՄԷ-ն վերադարձնում է Թեհրանում իր դեսպանին
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) վերադարձնում է Թեհրանում իր դեսպանին։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ դիվանագետն իր պարտականությունները կանցնի մոտ օրերս։
«Դեսպանին վերադարձնելու որոշումն ընդունվել է Իրանի ԱԳՆ-ի հետ համաձայնեցված»,- հայտնել են ԱԳՆ-ից։
Աբու Դաբիի և Թեհրանի հարաբերությունների ջերմացումն ուրվագծվեց անցյալ տարեվերջին։ Դեկտեմբերի 6-ին Էմիրաթի ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թահնուն բին Զայեդ Ալ Նահյանն այցելել է Իրանի մայրաքաղաք և բանակցություններ վարել իր գործընկեր Ալի Շամխանիի, ինչպես նաև Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, որի արդյունքում կողմերը ծրագրել են ընդլայնել համագործակցությունը։ Դրանից հետո տեղի են ունեցել բարձր մակարդակի հեռախոսազրույցների շարք։ Այս տարվա հուլիսին ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը հայտարարել էր Թեհրանի և Աբու Դաբիի միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ծրագրերի մասին։
ԱՄԷ-ն հետ է կանչել իր դեսպանին և հայտարարել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վատթարացման մասին 2016 թվականին՝ այս հանրապետությունում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների պատճառով։ Բացի այդ, կողմերը մի շարք պատմական տարաձայնություններ ունեն Պարսից ծոցի երեք կղզիների վերաբերյալ։
Կարծիքներ