Առաջինը խաղաղության օրակարգն էր. Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում ներկայացրել է իր գործունեության երեք հիմնական ուղղությունները
Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային, որը կազմակերպվում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային դաշինքի (Global Alliance of First Ladies and Gentlemen) կողմից։ Եռօրյա ինտենսիվ ակադեմիան անցկացվում է «Ֆորդ» հիմնադրամի Սոցիալական արդարության կենտրոնում։
Այս տարվա ակադեմիաին մասնակցում են նաև Սլովենիայի, Անգոլայի, Սենեգալի, Գվատեմալայի և այլ երկրների առաջին տիկնայք և պարոնները: Այն կրում է «Առաջնորդությունը գլոբալ անորոշության ժամանակներում» խորագիրը։ Դասընթացների քննարկումները կառուցված են առաջնորդության երեք առանցքային ուղղությունների շուրջ՝ առաջին տիկնանց և առաջին պարոնների առաջնորդության առանձնահատկությունները, ազգային նախաձեռնությունների առաջխաղացումը բարդ միջավայրերում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համագործակցության դերը գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում։
Հունիսի 30-ին պաշտոնական բացման ժամանակ մասնակիցներին ողջունել են GAFLG-ի հիմնադիր և նախագահ դոկտոր Կորա Նեումանը և համահիմնադիր, գործադիր տնօրեն Նիկոլ Ֆիլդը։ Նրանք ներկայացրել են ակադեմիայի առաքելությունն ու այս տարվա օրակարգը՝ ընդգծելով, որ առաջին տիկնայք և առաջին պարոնները, իրենց վստահության, հեղինակության և առաջնորդության շնորհիվ, կարող են իրական և երկարաժամկետ փոփոխություններ բերել իրենց երկրներում։ Բացման խոսքում նաև նշվել է, որ ակադեմիան իրականացվում է Եյլի և Կոլումբիայի համալսարանների դասախոսների և փորձագետների մասնակցությամբ՝ համախմբելով միջազգային լավագույն փորձը հանրային առաջնորդության ոլորտում։
Դասընթացի սկզբում մասնակիցները ներկայացել են` կիսվելով վերջին տարիների իրենց գործունեությամբ, գլխավոր նախաձեռնություններով և այն մարտահրավերներով, որոնց բախվում են իրենց առաքելությունն իրականացնելիս։
Իր ելույթում տիկին Աննա Հակոբյանը ներկայացրել է վերջին տարիների գործունեության երեք հիմնական ուղղությունները։ Նա նշել է, որ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում իր ամուսնու վերընտրվելը վարչապետի պաշտոնում դիտարկում է որպես հնարավորություն՝ վերանայելու իր առաջնահերթությունները և առավել հետևողականությամբ շարունակելու արդեն իսկ մեկնարկած նախաձեռնությունների իրականացումը։
Առաջինը խաղաղության օրակարգն էր։ Նա նշել է, որ երկար ժամանակ ջանքեր է գործադրել խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծման գաղափարի շուրջ տարբեր երկրների գործընկերների, առաջին տիկնանց և, առհասարակ, կանանց համախմբելու ուղղությամբ՝ հավատալով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է կառուցել երկխոսության և համագործակցության միջոցով։
Երկրորդ առանցքային ուղղությունը «Կրթվելը նորաձև է» համապետական շարժումն է։ Աննա Հակոբյանը նշել է, որ դրա նպատակը շարունակական կրթությունը Հայաստանի հասարակական կյանքի ամենակարևոր արժեքներից մեկի վերածելն է՝ փոխելով կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքն ու ընկալումը: Խոսելով շարունակական կրթության կարևորության մասին՝ տիկին Հակոբյանն ընդգծել է, որ նախ և առաջ ինքն է առաջնորդվում այդ սկզբունքով․ նախորդ տարի նա ընդունվել է Պեկինի Նորմալ համալսարանի մագիստրոսական ծրագիր՝ ուսումնասիրելու չինական փիլիսոփայությունը:
Երրորդ առաջնահերթությունը վերաբերում էր ընտանեկան բռնության կանխարգելմանը։ Նա վերջերս սկսել է ուսումնասիրել ընտանեկան բռնության վիճակագրությունը Հայաստանում, դրա տարածվածությունն ու իրական պատմությունները։ Նրա համոզմամբ՝ այս ոլորտում առկա են լուրջ մարտահրավերներ, որոնց լուծման ուղղությամբ ևս անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանք։
Այնուհետև առաջին տիկնայք և պարոնայք մասնակցել են «Փափուկ ուժ, սոցիալական առաջնորդություն և տարածաշրջանային դաշինքներ» թեմայով աշխատաժողովին, որը վարել է ALMA Alliance-ի նախագահ դոկտոր Լուկրեսիա Պեյնադոն։ Իսկ օրվա ավարտին Եյլի համալսարանի Հուզական ինտելեկտի կենտրոնի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր և բեսթսելերների հեղինակ դոկտոր Մարկ Բրաքեթը անցկացրել է «Վերադարձ դեպի ներքին հավասարակշռություն․ դիմակայունություն, սահմաններ և նպատակային առաջնորդություն» թեմայով ինտերակտիվ դասախոսությունը՝ անդրադառնալով առաջնորդի ներքին կայունությանը, հուզական ինտելեկտին, հոգեբանական դիմակայունությանը և արժեքահեն առաջնորդությանը։
Վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի մասնակցությունը նման բարձր մակարդակի միջազգային ակադեմիային կարևոր հնարավորություն է՝ ուսումնասիրելու հանրային առաջնորդության և դիվանագիտության լավագույն միջազգային փորձը, զարգացնելու նոր գիտելիքներ և դրանք հետագայում ծառայեցնել Հայաստանի կրթական և հասարակական զարգացման ծրագրերին։


Կարծիքներ