ԱԺ-ն վավերացրեց ԱՊՀ շրջանակում ստորագրված համաձայնագիրը. ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից եղել է հատուկ կարծիք և վերապահում

ԱԺ-ն վավերացրեց ԱՊՀ շրջանակում ստորագրված համաձայնագիրը. ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից եղել է հատուկ կարծիք և վերապահում

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանն  ընդունեց միաձայն՝ 89 կողմ ձայնով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ-ի մայիսի 31-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:  Այն ստորագրվել է ՀՀ կառավարության (հատուկ կարծիքով), Ադրբեջանի կառավարության (վերապահումով), Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, և Ուզբեկստանի կառավարությունների միջև:

«Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է ԱՊՀ մասնակից պետությունների հետ մշակույթի և թանգարանային բնագավառում համագործակցային հարաբերություններն էլ ավելի խթանելու անհրաժեշտության: Համաձայնագիրը կնպաստի թանգարանների համատեղ գիտական ծրագրերի կազմակերպմանը, ինչպես նաև կերաշխավորի թանգարանը ցուցահանդեսային փոխանակման շրջանակներում ուղարկող թանգարանային առարկաների պահպանությունը, ժամանակին վերադարձը և անձեռնմխելիությունը: Նաև խրախուսվում է պատմության, մշակութային արվեստին նվիրված համատեղ  ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստում, իրականացում, ինչպես նաև կիրականացվեն աշխատողների միջև փորձի փոխանակումներ, սեմինարներ, կլոր սեղաններ»,-ասաց Քոչարյանը:

Համաձայնագրի վավերացումը, ըստ նրա, կստեղծի հեռանկարային նոր հնարավորություններ՝ զարգացնելու, ընդլայնելու ԱՊՀ մասնակից պետությունների հետ համագործակցությունը՝ համատեղ նախաձեռնությունների իրականացմամբ: «Եղել է վերապահում Ադրբեջանի կողմից, և ՀՀ կողմից եղել է հատուկ կարծիք: Այս օրենքը ՀՀ կողմից չի կիրառվելու Ադրբեջանի նկատմամբ և հակառակը՝ այսինքն` երկուստեք չի կիրառվելու, քանի դեռ լուծված չէ ԼՂ խնդիրը»,-ասաց փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում