Վարչական դատարանը քննեց Օնիկ Գասպարյանի գործով վարչապետ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը
ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, ապրիլի 2-ին քննեց Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Նա նշեց, որ դատական նիստում ներկայացրել է իրենց առարկությունները միջնորդության հետ կապված:
Դատարանը միջնորդության քննարկումն ավարտեց, դրա վերաբերյալ կայացրած որոշումը կուղարկի դատավարության մասնակիցներին:
ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:
Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել էր վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության Նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով:
Կարծիքներ