Մենք հայտարարել ենք, որ երաշխավորելու ենք Արցախի բոլոր իրավունքների իրականացումը, որից կբխի կարգավիճակ. Վիգեն Խաչատրյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն իր ելույթում այսօր խոսեց այն մասին, որ պատերազմից հետո հայ ժողովուրդը համախմբվածություն է դրսևորել, իսկ Հայաստանի միջազգային վարկը բարձրացել է:
«Ակնհայտ դարձավ, որ Հայաստանի նոր իշխանությունները հետևողականորեն իրականացնելու են իրենց հռչակած ծրագիրը, այն է՝ ապահովել խաղաղություն մեր ժողովրդի համար, երաշխավորել արցախցիների իրավունքները՝ իրենց հայրենիքում հարատև զարգանալու և ապրելու»,- ասաց Խաչատրյանը:
Նա անդրադարձավ նաև ընդդիմադիրների կազմակերպած անհնազանդության ակցիաներին:
«Եվ այս ընթացքում իրեն վերջնականապես սպառած ռևանշիստների խումբը, որոնք 20 և ավելի տարիներ սպասարկել են ավազակախումբ և իրենց ապիկար քաղաքականության հետևանքով մեր երկիրը կանգնեցրին պատերազմի շեմին, հիմա, համոզվելով, որ այլևս ասելիք չունեն, նորից դիմում են իրենց բնորոշ ստին ու կեղծիքին՝ փորձելով հանրության մի հատվածին հանել մյուսի դեմ, փորձելով հրահրել անկայունություն Հայաստանում և, փորձելով ռևանշ վերցնել, ժողովրդական լեզվով ասած՝ մուռ հանել այն ժողովրդից, որը մերժել է իրենց:
Բազմաթիվ զանգեր ու դիմումներ եմ ստանում, անհանգստացած շատ մարդիկ կան, որոնք ուզում են հասկանալ, թե ինչու ենք այսքան հանգիստ արձագանքում այն ամենին, ինչ այսօր տեսնում ենք:
Մեր համախոհներին, մեր քաղաքացիներին ուզում եմ բացատրել, որ մենք հանգիստ ենք, որովհետև գիտենք, որ ճիշտ ենք, մենք հանգիստ ենք, որովհետև գիտենք, որ չենք ստում, մենք հանգիստ ենք, որովհետև հավատում ենք մեր ժողովրդին: Մեր հիմնական հենարանը մեր ժողովուրդն է, նաև այն մարդիկ, որոնք տրվելով կեղծիքին ու ստին՝ այսօր կարծում են, թե մեծ հայրենանվեր գործ են անում ու գոչում՝ մենք դեմ ենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում:
Սիրելինե՛րս, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում, 20 տարի իբր պետություն ղեկավարած այդ ոհմակը համակերպվել էր այդ մտքի հետ, որ Արցախն Ադրբեջանի մաս է:
Սուտ է այն պնդումը, թե իբր Նիկոլ Փաշինյանը և մենք հայտարարել ենք, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում: Մենք հայտարարել ենք, որ երաշխավորելու ենք Արցախի բոլոր իրավունքների իրականացումը, որից կբխի կարգավիճակ»,- նշեց Խաչատրյանը:
Կարծիքներ