4 անգամ գաղտնի հադիպել եմ Լուկաշենկոյի հետ. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ իր նախագահության ընթացքում Լոնդոնում չորս անգամ գաղտնի հանդիպել է Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որպեսզի նա հրաժարվի ճանաչել Հարավային Օսիան և Աբխազիան։ Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է չորեքշաբթի՝ փետրվարի 9-ին, Թբիլիսիի դատարանում՝ պետական միջոցների յուրացման մեղադրանքով հարուցված քրեական գործով նիստում:
«Ես Լոնդոնում չորս գաղտնի հանդիպում եմ ունեցել Լուկաշենկոյի հետ։ Դա գաղտնի դիվանագիտություն էր։ Այն, որ Լուկաշենկոն դեռ չի ճանաչել Հարավային Օսիան և Աբխազիան, դա Լոնդոն կատարած իմ այցերի արդյունքն է»,- Սաակաշվիլիի խոսքերն է մեջբերում Грузия Online-ը։
Միաժամանակ նա հրաժարվել է նշել Բելառուսի ղեկավարի հետ գաղտնի հանդիպումների ժամկետները՝ պատճառաբանելով իր թռիչքների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը։
Քաղաքական գործչի ելույթը դատարանում նշանավորվեց հերթական «ներկայացմամբ». Երկրի նախկին ղեկավարն անհիմն է անվանել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները և մեղադրել դատախազներին կոռուպցիայի մեջ։ Դրանից հետո Սաակաշվիլիի պաշտպանական թիմը նրան հանձնել է Ուկրաինայի դրոշը, ինչպես նաև միացրել Ուկրաինայի օրհներգը։ Պետության նախկին ղեկավարը սկսել է երգել՝ իր գործողություններով սկանդալ հրահրելով:
Ավելի վաղ՝ հունվարի 26-ին, հաղորդվել էր, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը քաղաքական գործչի դեմ պետական միջոցների յուրացման մեղադրանքով հարուցված քրեական գործով դատական նիստը հետաձգել է մինչև փետրվարի 9-ը, քանի որ մեղադրյալներից Թեյմուրազ Ջանաշիան՝ նրա անվտանգության նախկին պետը, հիվանդացել է COVID-19-ով։
Սաակաշվիլիին պետական միջոցների յուրացման մեղադրանք է առաջադրվել 2014թ-ին։ Ըստ գլխավոր դատախազության, նա այդ գումարը ծախսել է անձնական կարիքների համար, մասնավորապես, օտարերկրյա խոհարարների ծառայությունների, շքեղ իրեր ձեռք բերելու և իրեն ուղեկցողների ծախսերը վճարելու համար։ Նախկին նախագահին սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում։
Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում, որտեղ 8 տարվա փախուստից հետո վերադարձել էր որպես Ուկրաինայի քաղաքացի՝ տեղական ընտրությունների նախօրեին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել սահմանն ապօրինի հատելու համար։ Նաև հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց տարվա։ Ի նշան բողոքի՝ Սաակաշվիլին 50-օրյա հացադուլ էր հայտարարել և իրեն անվանել «քաղբանտարկյալ»։
Բացի դրանից, քաղաքական գործիչը մեղադրյալ է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության ծեծկռտուքի գործերով։
Կարծիքներ