Դպրոցական սննդի միջազգային օրը նշվել է Զառ գյուղի միջնակարգ դպրոցում

Դպրոցական սննդի միջազգային օրը նշվել է Զառ գյուղի միջնակարգ դպրոցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Դպրոցական սննդի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է Զառ գյուղի (Կոտայքի մարզ) Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում։

Տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումը համախմբել էր տարրական դպրոցի աշակերտներին և նրանց ծնողներին։ Միջոցառումը նախաձեռնել էին Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և նրա գործընկերները՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI):

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը հատկապես այն դպրոցներում, որոնք ներգրավված են «Դպրոցական սնունդ» ծրագրում:

«ՀՀ կառավարության առաջնահերթություններից է հանրակրթական դպրոցներում դպրոցական սննդի ծրագրի իրականացումը: Այս ծրագրի և մեր գործընկերների հետ համագործակցության շնորհիվ վերանորոգվել են մի շարք դպրոցների ճաշարանները և վերազինվել ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև վերապատրաստվել են խոհարարները: Ծրագրի կարևորագույն նպատակից է նաև համախմբել համայնքի ջանքերը՝ առողջ սնունդը և առողջ ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու և դրա միջոցով հանրային վարքականոն ձևավորելու տեսանկյունից: Կարծում եմ՝ մենք ունենք բոլոր հիմքերը, որպեսզի ծրագիրը պարբերաբար ներդրվի նաև Երևանում»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Դպրոցական սննդի միջազգային օրն այս տարի անցկացվում է «Մեր փոփոխվող սննդակարգը՝ մեթոդներ, ճաշացանկ և ուտեստներ» խորագրով: Զառ գյուղի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտներն այս անգամ ուսուցիչների հետ միասին բացահայտել են առողջ սնվելու հիմնական սկզբունքները՝ կատարելով թեմատիկ առաջադրանքներ։

Միջոցառման ընթացքում երեխաների համար անցկացվել են տարաբնույթ խաղեր և ինտերակտիվ ներկայացում։ Արհեստավարժ խոհարարի և սննդաբանի կողմից ծնողների համար կազմակերպվել էր առողջ սննդի վերաբերյալ վարպետաց դաս՝ մասնակիցներին առողջ սնվելու հիմունքներին ծանոթացնելու, «Դպրոցական սննդի» ծրագրին ծնողների ուշադրությունը հրավիրելու և երեխաների ճաշացանկում բանջարեղենի, մրգերի ընդգրկման կարևորության մասին նրանց հիշեցնելու համար:

2023 թվականին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 11-րդ տարեդարձը, որը նշվում է մարտի սկզբին: Այդ օրն ամբողջ աշխարհում դպրոցական սննդի ծրագրերում ներգրավված դպրոցների ուսուցիչները, աշակերտները ու խոհարարները մասնակցում են թեմատիկ միջոցառումների և իրազեկում են դպրոցական առողջ սննդի ծրագրի վերաբերյալ իրենց հաջողության պատմությունների մասին: Նմանօրինակ միջոցառումների առաջնային նպատակն է քննարկել դպրոցական սննդի նշանակությունը, ինչպես նաև դրա հսկայական ներդրումը կրթական գործընթացներում և երեխաների բարեկեցության գործում:

2010 թվականից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ մարզերում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը։ 2015 թվականից սկսած՝ ՀՀ տարբեր մարզերում աստիճանաբար ծրագիրն անցել է Կառավարությանը և ամբողջությամբ ազգայնացվել 2023 թվականի հունվարին։ Ներկայում ՀՀ կառավարությունը, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ, իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը հանրապետության 10 մարզում՝ յուրաքանչյուր օր ավելի քան 100 հազար երեխայի ապահովելով առողջ և հավասարակշռված սննդով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում