Հայաստանի անկախության հռչակագիրը 31 տարեկան է
Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը։
1990թ.-ի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որով հռչակվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը։
Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները:
Կարծիքներ