Լիճքում սուբվենցիոն երեք ծրագիր է իրականացվել
Գեղարքունիքի մարզպետարանը հայտնում է, որ Լիճք համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները, ավարտական փուլում է գտնվում լուսավորության ցանցի կառուցման ծրագիրը։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվել է Լիճքի Ա-7 թաղամասի 7-րդ, Ա-3 թաղամասի 8 եւ 9-րդ փողոցները։ Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր մակերեսը կազմել է 5236 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսի 20-ից եւ ավարտվել հոկտեմբերի առաջին տասնօրյակում։
Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 59 միլիոն 94 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը։
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով հիմնանորոգվել է Լիճքի խմելու ջրատարի արտաքին ցանցը 1410 գծամետր երկարությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 27 միլիոն 900 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսից եւ ավարտվել հոկտեմբերի առաջին տասնօրյակում։ Ծրագրի իրականացման արդյունքում նվազագույնի են հասցվել կորուստները խմելու ջրատարի արտաքին ցանցում։
Սուբվենցիոն երրորդ ծրագրով լուսավորության արտաքին ցանց է կառուցվել Ա-3 թաղամասի 8, 9-րդ եւ Ա-8 թաղամասի 1-ին, 4-րդ, 5-րդ եւ 10-րդ փողոցներում։ Լուսավորության ցանցը կառուցվում է մոտ 3 կիլոմետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով։ Տեղադրվել է 92 լուսատու։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսից եւ գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 13 միլիոն 497 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը։
Կարծիքներ