Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 25 մլն մարդ
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստում է ստացել շուրջ 60 մլն բնակչությունից ավելի քան 25 միլիոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Սա անհավատալի նվաճում է մեզ համար: Զգուշորեն վերաբացելով հասարակությանը՝ 25 միլիոն պատճառ ունենք ավելի վստահ լինել ապագայի նկատմամբ»,- հայտարարել է Բորիս Ջոնսոնը:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեկնարկել էին դեկտեմբերի 8-ին, երբ 90-ամյա Մարգարետ Քենանը, առաջինը աշխարհում, պատվաստվեց Pfizer պատվաստանյութով: Դրանից հետո Բրիտանիան սկսեց պատվաստել առաջնահերթ խմբերին՝ տարեցներին ու խոցելիներին, ինչպես նաև առաջնային բուժաշխատողներին:
Ներկայում Pfizer կամ AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է ընդհանուր առմամբ 25 մլն 273 հազար 226 մարդ, իսկ նրանցից 1 մլն 759 հազար 445-ը արդեն ստացել են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը:
Կարծիքներ