Կուստոյի թոռն առաջարկել է Միջազգային տիեզերակայանի օրինակով ստորջրյա բնակելի կայան կառուցել (լուսանկարներ)
Հայտնի օվկիանոսագետ Ժակ Իվ Կուստոյի թոռը՝ Ֆաբյեն Կուստոն, առաջարկել է 135 մլն դոլարով Կարիբյան ծովի հատակին կառուցել աշխարհում խոշորագույն ստորջրյա բնակելի կայաններից մեկը:
Ինչպես նշում է CNN-ը, Կուստոն առաջարկել է ստորջրյա կայանը ստեղծել Միջազգային տիեզերակայանի օրինակով. գիտնականները կկարողանան այնտեղ ամիսներով ապրել՝ ուսումնասիրելով կլիմայի փոփոխություններն ու մշակելով նոր դեղամիջոցներ:
Հատկանշական է, որ Կուստոն և դիզայներ Իվ Բեհարն արդեն մշակել են ապագա ստորջրյա լաբորատորիայի դիզայնը: Proteus կոչվող նախագիծը կյանքի կոչելու համար կպահանջվի մոտ երեք տարի: Դրա իրականացմանն այժմ խանգարում է կորոնավիրուսային համավարակը:
Նշվում է, որ ստորջրյա կայանը լինելու է երկհարկանի, օվալաձև, ունենալու է ավելի քան 1 200 քմ մակերես, բաղկացած է լինելու լաբորատորիաներից, գիտնականների համար նախատեսված տարածքներից, ինչպես նաև դեպի օվկիանոսի հատակ տանող լողավազանից: Բացի այդ, առաջարկվում է ջերմոց ստեղծել, որպես լաբորատորիայի բնակիչների համար միրգ-բանջարեղեն աճեցնելու հնարավորություն լինի:
Կուստոյի համոզմամբ՝ Համաշխարհային օվկիանոսի ուսումնասիրությունը մարդկային ռասայի գոյատևման համար ավելի կարևոր է, քան տիեզերքի ուսումնասիրումը:
Կարծիքներ