Ընդդիմության մեր գործընկերները մեզ ծաղրում էին քայլելու համար, իրենք պտույտներից հետո որոշեցին քայլել. Փաշինյան

Ընդդիմության մեր գործընկերները մեզ ծաղրում էին քայլելու համար, իրենք պտույտներից հետո որոշեցին քայլել. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը հարցրեց փողոցում ընթացող գործընթացների և ընդդիմության գործողությունների մասին: 

«Ուզում եմ՝ մենք ժողովրդավարությունը երբեք ու երբեք չմեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն: Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ 1 միջազգային բրենդն է, մենք այդ բրենդը պահպանելու ենք, բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական իրավական ինստիտուցիոնալ մեխանիզմներով, ամբողջ թափով և խստությամբ:

Ընդդիմության հարգելի մեր գործընկերները մեզ ծաղրում էին քայլելու համար: Իրենք պտույտներից հետո որոշեցին քայլել:

Իրենք մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար: Քաղաքի խանութներում ուսապարկ, ցավոք, մնացել է, որովհետև ընդդիմության շարքերն այդքան հոծ չեն, որ սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը: Պարզապես գներն են բարձրացել, որովհետև գիտեն, որ նորահայտ կլիենտուրան փողի խնդիր չունի, և բիզնեսը որոշել է, նաև, հաշվի առնելով ընդդիմության մտահոգությունը, կրկնապատկել նույն քանակությամբ ապրանքի վաճառքով շրջանառությունը:

Մեր Քայլոյին էին ծաղրում: Հիմա քաղաքում անտուն շների գինն է բարձրացել. ընդդիմադիր էլիտան մեծ փողերով Չալոյի նման եթե լինում է, ավելի բարձր է գնահատում, բայց կանցնի, եթե ուղղակի...

Մեզ ասում էին, որ հեղաշրջման ենք եկել: Հիմա նույն քայլերը կրկնում են: Հիմա նրանք կա՛մ պիտի ասեն, որ ուզում են հեղաշրջում անել, կա՛մ էլ պիտի խոստովանեն, որ մենք հեղաշրջում չենք արել, այլ ժողովրդական, օրինական պրոցեսով ենք եկել իշխանության: Բայց ի՞նչն է կանխավարկածը. նրանց թվում է, որ ամեն ինչ, ինչ որ կրկնեն, նույն ձևով անեն, նմանակեն, կստացվի:

Դրա հետ կապված՝ ուզում եմ մի պատմություն պատմել: Ժամանակին Ֆրունզիկ Մկրտչյանը դիմում է Վահրամ Փափազյանին, ասում՝ վարպե՛տ, ուզում եմ նոր փուլ անցնել իմ դերասանական կարիերայի, ուզում եմ ստանձնել Օթելլոյի դերը: Վահրամ Փափազյանը նայում է  Ֆրունզիկ Մկրտչյանին, որոշակի դադար տալիս ու ասում՝ տղա՛ս, ամեն սև բան Օթելլո չէ:

Հիմա թերևս սրանով կարելի է ամբողջացնել ձեր հարցի պատասխանը»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում