Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման պլանները. Պեսկով
Արևմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու պլանների վրա: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
«(Արևմուտքի) նման արձագանքը, իհարկե, չի կարող ազդել Ռուսաստանի պլանների վրա», - ասել է Կրեմլի խոսնակը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ամեն ինչ բացատրել է իր հայտարարություններում, որոնք արել է շաբաթ օրը տված հարցազրույցում»։
«Դրան ավելացնելու ոչինչ չկա», - հայտարարել է Պեսկովը։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց արել է իր դաշնակիցների տարածքում։ Մոսկվան արդեն Մինսկին է հանձնել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրել, իսկ հուլիսի 1-ին, ըստ Պուտինի, Բելառուսի Հանրապետության տարածքում կավարտվի մարտավարական միջուկային զենքի պահեստարանի կառուցումը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է բարձրացրել Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հարցը։ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Բելառուսի հետ համաձայնագիրը չի խախտում միջուկային զենքի չտարածման վերաբերյալ միջազգային պարտավորությունները։
ՌԴ նախագահի այս հայտարարություններին հաջորդել է Արևմուտքի բացասական արձագանքը։ Մասնավորապես, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք տեղակայի Բելառուսում, Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին վերանայել այս որոշումը՝ պնդելով, որ այն ապակայունացնող է։ Մարտի 26-ին Ուկրաինայի ԱԳՆ-ի կայքում հայտարարություն է հրապարակվել, որով Կիևը կոչ է արել անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։
Կարծիքներ