Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
«ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ:
«Ակադեմիական քաղաք» hիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու հրամայականով։ Պետության կողմից հիմնադրամի ստեղծումը առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել։
Հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։
Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է ս.թ. ապրիլի 7-ին՝ ժամը 16.00-ին, Գիտության կոմիտեում:
Հիշեցնենք՝ մարտի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ակադեմիական քաղաքի կառուցման վայր: «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերի միջոցով ցույց տվել տարածքն ու նշել.
«Սա է մեր արձագանքը բոլոր մարտահրավերներին, որովհետև ես հավատում, եմ, որ Հայաստանի ապագան կրթությունն է, տեխնոլոգիաներն ու գիտությունն է, ՀՀ-ի ապագան արվեստն է»,-ասել է վարչապետը:
Կարծիքներ