Պոլիտեխնիկում բացվել է Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի նոր կրթական տարածքը

Պոլիտեխնիկում բացվել է Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի նոր կրթական տարածքը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիսավորությամբ բացվել է Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի նոր կրթական տարածքը: Վերանորոգման և կահավորման նախագիծն ամբողջությամբ իրականացրել են ամբիոնի դասախոսները և ուսանողները:

Բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ռեկտոր Գոռ Վարդանյանը, Պոլիտեխնիկի բարերարներ, ուսանողներ, դասախոսներ:

Տարածքում ստեղծված են նպաստավոր պայմաններ նախագծման պրոցեսում ստեղծագործական հմտությունների զարգացման և կիրառման համար: Միջավայրը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի՝ մտքերի գեներացման, նախագծային և տեխնոլոգիական, որի համալրումը նախատեսված է հաջորդ փուլում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին իրականացվող կրթական բարեփոխումներն անհրաժեշտ է տեսնել ամբողջության մեջ: Ըստ փոխնախարարի՝ մասնագետների պատրաստման, միջազգային շարժունության, բուհերի միջազգայանացման ցուցանիշներին հասնելու գործում կարևորագույն բաղադրիչ է նաև կրթական միջավայրի առկայությունը: Այդ առումով Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Պոլիտեխնիկին՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ևս նման միջավայրերի ստեղծման ականատեսը կլինենք: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ նրանք ներդրում են անում հանրային բարիքի ստեղծման և կրթության համար:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Պոլիտեխնիկի մեծ փոփոխությունների խորհրդանշական սկիզբը եղել է հենց այդ մասնաշենքի բարեկարգումը. «Համալսարանում փուլ առ փուլ տեղի ունեցող փոփոխությունները վկայում են, որ գտնվել է աշխատանքի շատ գրագետ բանաձև, որում կա բոլորի դերը՝ հոգաբարձուների խորհրդի, ռեկտորի ու նրա թիմի, բարերարների, ուսանողների, դասախոսների»: Տիգրան Ավինյանը շնորհավորել է ուսանողներին ու դասախոսներին և շնորհակալություն հայտնել ծրագրի իրականացմանն աջակցած կազմակերպություններին:

Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ խնդիրը դրվել էր ամիսներ առաջ. «Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի համար ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ ուսանողները կկարողանան ստանալ լավագույն կրթություն և դրա արդյունքը ցուցադրելու հնարավորություն: Տարածքի վերանորոգումն ու բարեկարգումը շատ արագ իրականություն է դարձել բարերարների շնորհիվ»: Ռեկտորը հավելել է, որ գործընթացը շարունակական է լինելու. համալսարանի այլ կրթական տարածքներ ևս բարեկարգվելու են:

Նշենք, որ կրթական տարածքը վերանորոգվել ու կահավորվել է Պոլիտեխնիկի բարերարների՝ «Յունիբանկի», «Ռենշին» և «Նորք դեվելոփմենթ» ընկերությունների աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում