Microsoft-ը հաստատել է, որ մինչ սեպտեմբերի 15-ը կավարտի TikTok-ի գնման շուրջ բանակցությունները
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը հաստատել է չինական ByteDance ընկերության հետ բանակցությունների անցկացումը, որոնք վերաբերում են ներկայում լայն պահանջարկ վայելող TikTok հավելվածի գնմանը:
Ինչպես հայտնում է cnbc.com-ը, Microsoft-ի պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ ընկերությունը գնման գործարքի հարցով կշարունակի աշխատել ԱՄՆ կառավարության հետ և որ մտադիր է մինչ սեպտեմբերի 15-ն ավարտել TikTok-ի գնման վերաբերյալ բանակցությունները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեմ է Microsoft-ի՝ չինական հավելվածը գնելուն: Բացի այդ, նախագահը նշել էր, որ մտադիր է ԱՄՆ-ի տարածքում արգելափակել հավելվածի հասանելիությունը:
Այժմ Microsoft-ից հայտնել են, որ ընկերության գխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելան արդեն խոսել է Թրամփի հետ, սակայն խոսակցության որևէ մանրամասն չի ներկայացվել:
Microsoft-ը նաև տեղեկացրել է, որ հավելվածի գնումից հետո կերաշխավորի TikTok-ի ամերիկացի օգտատերերի տվյալների պահպանումը երկրի ներսում, մինչդեռ երկրի սահմաններից դուրս տվյալների դուրսբերման դեպքում դրանք անպայման կջնջվեն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ չինական TikTok և WeChat հավելվածներն օգտատերերի տվյալները փոխանցում են Չինաստանի կոմունիստական կուսակցությանը:
Կարծիքներ