Մեծ Բրիտանիայում չեն բացառում Պաղեստինի անկախության ճանաչումը նախքան դրա ստեղծման շուրջ բանակցությունների ավարտը

Մեծ Բրիտանիայում չեն բացառում Պաղեստինի անկախության ճանաչումը նախքան դրա ստեղծման շուրջ բանակցությունների ավարտը

Մեծ Բրիտանիան Գազայի հատվածում զինադադարից հետո կարող է պաշտոնապես ճանաչել պաղեստինյան պետությունը ՝ չսպասելով դրա ստեղծման վերաբերյալ բանակցությունների ավարտին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին Լիբանան կատարած այցի ընթացքում Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Դևիդ Քեմերոնը:

Բրիտանացի պաշտոնյան Պաղեստինի ճանաչման կարևոր նախապայման է համարում Գազայի հատվածում «ռազմական գործողությունների դադարեցումը», որը վերջնարդյունքում կվերածվի «կրակի մշտական և կայուն դադարեցման»: Միաժամանակ Քեմերոնն ընդգծել է, որ «երկու պետությունների ստեղծման միջոցով հակամարտության լուծումն անհնար է, քանի դեռ Գազան վերահսկում են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումը ձեռնարկած մարդիկ»: Նրա խոսքով՝ Պաղեստինի պետության ճանաչման համար կարևոր է նաև, որ կրակի դադարեցման որոշումից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդները լքեն անկլավը:

Քեմերոնն ասել է, որ Մեծ Բրիտանիայի կողմից Պաղեստինի անկախ պետության ճանաչումը, այդ թվում՝ ՄԱԿ-ում, «չի կարող տեղի ունենալ գործընթացի սկզբում, բայց պարտադիր չէ նաև, որ լինի ամենավերջում»:

«Մենք կարող ենք դա դիտարկել, երբ այս գործընթացը, լուծում գտնելու առաջընթացը դառնա առավել իրական», - հայտարարել է նա:

Արևմտյան երկրները կողմ են Իսրայելի հարևանությամբ Պաղեստինի անկախ պետության գոյության գաղափարին՝ գտնելով, որ դա է տարածաշրջանի լրջագույն հակամարտության լուծումը: Արևմտյան երկրները նաև պնդում են, որ Պաղեստինի անկախության հարցը լուծվի բանակցությունների միջոցով: 2009 թվականից այդ թեմայով առարկայական բանակցություններ չեն տարվել:

Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրապարակայնորեն մերժել է պատերազմից հետո պաղեստինյան պետության ստեղծման գաղափարը:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 250-ին, որոնց մի մասն ազատ է արձակվել կողմերի միջև նոյեմբերին տեղի ունեցած 7-օրյա հրադադարի ժամանակ։ Իսրայելն այս հարձակումից հետո պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 27 000-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում