Կկարգավորվի օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը. նախագիծը հավանություն ստացավ

Կկարգավորվի օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը. նախագիծը հավանություն ստացավ

 ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու համար կպահանջվի «Ա» տիպի լիցենզիա:  «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

«Առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել Ա տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ, սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ: Այսինքն՝ այն պետք է լինի շախմատաձև և աերոտաքսի գրառմամբ տաքսի նշանով, գույնի առումով ընտրել ենք սպիտակ գույնը»,-ասաց Սիմոնյանը:

Բացի այդ, դրվել է մեկ սահմանափակում ևս, 7 տարեկանից բարձր թեթև մարդատար տրանսպորտային միջոցներով արգելվելու է այդ տեսակի լիցենզիա ստանալ: Իսկ եթե առանց լիցենզիայի օդանավակայանի կայանատեղիներից փոխադրումներ իրականացնեն, ապա կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

«Ես բավականին բողոքներ եմ լսել հենց օդանավակայան մտնող մարդկանց կողմից տաքսի ծառայությունների անկազմակերպ վիճակի հետ կապված ու, կարծում եմ, այս նախագիծը պետք է հաստատել»,-ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

ՔՊ-ից Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց, «Եթե սովորական տաքսին մտավ օդանավակայան, հանկարծ ինչ-որ ձևով ուղևոր վերցնի, դա ո՞նց է կարգավորվում»: Արմեն Սիմոնյանն էլ արձագանքեց՝ հենց խնդիրը դրանում է, որ օդանավակայանի տարածքի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար պետք է ունենալ համապատասխան լիցենզիա՝ Ա տեսակի լիցենզիա:

«Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը օրինագիծը շատ կարևորեց՝ նշելով,  որ ոլորտը կանոնակարգվում է: «Բայց անհատ վարորդների հարցն ինչպե՞ս է լուծվելու: Իսկ ինչ վերաբերում է սպիտակ գույնին, հուսով եմ, դա ևս կվերացվի, քանի որ ստիպել մարդկանց, որ մեքենաների գույները փոխեն, իրատեսական չէ»,-ասաց նա:

Պատգամավորը խոսեց նաև խախտման դեպքում տուգանքի չափի մասին, ինչին ի պատասխան փոխնմախարարն ընդգծեց, որ տուգանքը պետք է լինի նախազգուշացնող միջոց, այլ ոչ թե պատիժ, որի տակից հնարավոր չի լինի դուրս գալ: Ըստփոխնախարարի՝ 50 հազար դրամը բավականին բալանսավորված սահմանաչափ է:

Քվեարկությամբ նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում