Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։
Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումներն՝ անդրադառնալով անկախ կյանքի կենտրոնների, փոքր տների ստեղծմանն ու մի շարք այլ ծրագրերի։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել, քննարկել այս ոլորտներում չինական փորձը և, ըստ այդմ՝ իրականացնել փորձի և գաղափարների փոխանակում։
«Հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ վիրավորում ստացած զինծառայողների հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված անկախ կյանքի կենտրոնները միայն վերականգնողական ծառայություններ չեն տրամադրելու։ Դրանք սոցիալական միջավայր են լինելու հաշմանդամություն ունեցող երիտասարդ զինծառայողների համար, ովքեր կարող են վերականգնողական ծառայություններ ստանալ, կրթական դասընթացների մասնակցել և այլն»,- նշել է նախարարը։
Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս առավել արդյունավետ համագործակցել՝ ըստ առաջնահերթությունների։
Կողմերը նախանշել են հետագա համագործակցության հնարավոր տարբերակները, մասնավորապես՝ աջակցող միջոցների ֆուկցիոնալության վերաբերյալ փորձի փոխանակման և նոր միջոցների ներդրման ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնականում ընթացք տալ քննարկված ծրագրերին, որոնք կխթանեն հայ-չինական հարաբերությունների առավել ամրապնդումը։
Կարծիքներ