Միրզոյանը և Խովաևն ընդգծել են Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը

Միրզոյանը և Խովաևն ընդգծել են Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 21-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հարավային Կովկասում համապարփակ կայունության հաստատման ուղղությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Ընդգծվել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման հրամայականը:

Նշվում է, որ զրուցակիցները հանգամանորեն քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի արդարադատության դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում