Բացահայտվեց Գառնիկ Իսագուլյանի կատարած սուտ մատնությունն Արգիշտի Քյարամյանի նկատմամբ

 Բացահայտվեց Գառնիկ Իսագուլյանի կատարած սուտ մատնությունն Արգիշտի Քյարամյանի նկատմամբ

Շատերը կհիշեն, որ 2020 թվականի հետպատերազմական ծանր օրերին միանգամից ակտիվացան բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ և օգտվելով առիթից ամենատարբեր ծանրագույն մեղադրանքներ հնչեցրին երկրի իշխանությունների, իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների նկատմամբ:

 

Եվ այդ մեղադրանքների մեջ իրենց ուրույն տեղն ունեցան հատկապես «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտնի հայտարարությունները, որոնք մեկը մյուսի հետևից ցնցում էին մեր հանրությանն ու ենթարկում պարբերական շոկի:

Այդ հայտարարություններից մեկն էլ այն էր, որ Իսագուլյանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին մեղադրեց հայախոս ադրբեջանցիներին 1400 հայկական անձնագրեր տալու և նրանց՝ Արցախ տեղափոխելու հարցում:

Անցան ամիսներ ու այս անգամ արդեն պետական մարմնի՝  ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրությունը ցնցեց նույն այդ հասարակությանը և հասկացանք, որ ամիսներ շարունակ Գառնիկ Իսագուլյանը մեր՝ առանց այդ էլ խիստ անհանգիստ հասարակությանը ենթարկել է  ապատեղեկատվական տեռորի ու ավելին՝ սուտ մատնություն է կատարել երկրի բարձագույն իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների նկատմամբ:

 

Այսպիսով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) իր հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ «…ասուլիսի ժամանակ Գ. Իսաղուլյանը հայտնել է, թե իբր ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագրեր է բաժանել հայերենին տիրապետող ադրբեջանցիների, որից հետո վերջիններս մտել են Քաջարան և գնացել Արցախ: Այսինքն` գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, Գ. Իսաղուլյանը հարցազրույցի ընթացքում հայտնել է ևս մեկ չկատարված հանցագործության մասին` այդպիսով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղակի դիտավորությամբ մեղադրելով առանձապես ծանր հանցագործության՝ պետական դավաճանության մեջ:»

 

Սա դեռ ամենը չէ, ՀՔԾ-ն հաջորդիվ տեղեկացնում է, որ սուտ մատնության հոդվածի տակ են տեղավորվում նաև ՀՀ վարչապետի և նրա է թիմի կողմից Թուրքիայից ու Ադրբեջանից 48 մլն դոլլար գումար ստանալու, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդի սպանությունները նախապատրաստելու և այլ ստահոդ հայտարարությունները ևս:

 

Ամբողջացնելով ասվածը ՀՔԾ-ն ընդգծել է նաև հետևյալը. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է սուտ մատնություն` ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, ինչպես նաև հնչեցրել է ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և բռնությունը հրապարակայնորեն արդարացրել»:

 

Փաստորեն այս ամենով հանդերձ հստակ ընկալվում է, որ անմիջապես հետպատերազմական շրջանի Հայաստանում և մինչև օրս երկրի ներսում գործել և գործում է ապատեղեկատվության տարածման կազմակերպված  օջախ, որի հիմնական նպատակն է երկրի ապակայունացումը, թշնամիների ջրաղացին ջուր լցնելը, իսկ Իսագուլյանն էլ ստանձնեց  այդ չարաբաստիկ օջախի հիմնական խոսափողներից մեկի դերը ու դարձավ ստի մատնության հիմնական լիդերը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում