Ծխախոտային արդյունաբերությունը կրկին ակտիվացել է Հայաստանում. Արսեն Թորոսյանի հայտարարությունը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը.
«Չէի ուզենա մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում անդրադառնալ այս հարցին, բայց չեմ կարող:
Ծխախոտային արդյունաբերությունը, ի դեմս մի շատ հայտնի միջազգային արտադրողի, որ իր ճիրանները փորձում է գցել բոլոր երկրների վրա, կրկին ակտիվացել է Հայաստանում: Ակտիվացել է մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում: Հանդգնել է շանտաժի ենթարկել, թեկուզ թուլացած, բայց մի ամբողջ պետության: Իսկ շանտաժի գործիքը նույնն է` արդեն հնացած ձայնապնակը, ըստ որի` երկիրը կկործանվի, եթե իրենց կենսական շահերը ոտնահարվեն: Եվ էական էլ չէ, որ հենց իրենց կենսական շահերն են բերում բնակչության առողջության ու դրանով պայմանավորված նաև տնտեսության թուլացմանն ու քայքայմանը:
Ամենուր սողոսկող արդյունաբերությունը բոլոր երկրներում գտնում է շանտաժն առաջ տանելու թույլ օղակները, սակայն, այս գործընթացի մեջ անակնկալները նույնպես անպակաս չեն: Անկախ նրանից, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ինձ համար զարմանալի է, երբ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը կարող է համահեղինակ լինել առողջության քայքայմանը նպաստող օրինագծի: Միևնույն է, գլխումս չի տեղավորվում: Մի՞թե դա հնարավոր չէր անել այլ պատգամավորների ձեռամբ: Թե՞ դա հատուկ է արվում, որպեսզի ընդգծվի արդյունաբերության ամենակարող լինելը, հատկապես` այս ծանր ժամանակաշրջանում: Կամ էլ ես եմ դեռ շատ ռոմանտիկ, երբ կարծում եմ, որ գրված ու չգրված սահմաններ կան տարատեսակ վարքագծերի համար:
Ինչևէ, եկել հասել ենք մի հանգրվանի, երբ Ազգային ժողովը պետք է քննարկի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի քանի կարևոր դրույթներ հետաձգելու հարցը: Եվ իմ ունեցած տպավորությամբ` այդ քննարկումը ֆորմալ բնույթ է կրելու, քանի որ շանտաժը կարծես աշխատել է: Հակառակ պարագայում հարցը ԱԺ օրակարգ չէր հասնի, քանի որ բազմիցս ապացուցվել է, որ այդ դրույթները շատ կարևոր են ավելի առողջ դեռահասներ ու պատանիներ և ընդհանրապես` ավելի առողջ բնակչություն ունենալու համար: Ապացուցվել է միջազգայնորեն և նաև հենց մեր երկրի համար, որն իր փորձառությամբ շատ չի տաբերվում ծխախոտային արդյունաբերության թակարդն ընկած այլ երկրներից:
Մենք չենք զլանա, Ազգային ժողովի մեր գործընկերներին կրկին կներկայացնենք մեր փաստարկներն ու ապացույցները, բայց նաև երբեք չենք մոռանա, թե ով և ինչպես էր փորձում «կրակից շագանակներ հանել» մեր պետության համար այս ծանր ժամանակաշրջանում»»:
Կարծիքներ