Ցուցարարներից 69-ը բերվել են ոստիկանություն. պարզաբանվել է Տիգրան Աբրահամյանին ձերբակալելու լուրը
Կառավարության շենքի մոտ հավաքված «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությանը միացած 69 ցուցարար բերվել է ոստիկանություն:
Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Այս պահի դրությամբ ոստիկանություն է բերվել 69 քաղաքացի»,- նշեց Ջանոյանը:
«Արմենպրես»-ի հարցին՝ արդյոք Տիգրան Աբրահամյանը, Իգոր Խաչատուրովն ու Զինավոր Մեղրյանը ձերբակալվել են, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին. «Եթե նրանք եղել են ակցիայի մասնակից, ապա նրանք բերվել են ոստիկանություն, վարչական իրավախախտում կատարելու համար: Այդ դեպքում անձը չի ձերբակալվում: Վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ կկազմվեն համապատասխան արձանագրություններ և մարդիկ ազատ կարձակվեն»:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները և նրանց միացած ցուցարարները Հանրապետության հրապարակում շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրների մի մասը Հանրապետության հրապարակում վրաններ է տեղադրել և գիշերում են այնտեղ:
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է:
Կարծիքներ