Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը. Արա Աբրահամյան

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը. Արա Աբրահամյան

Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որին դիմել են նամակով: Այս մասին տեղեկացնում է Աբրահամյանի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունից։

«Մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել (գերիների վերադարձի՝ խմբ.)… Հանդիպել եմ նախագահի՝ միջազգային հարցերով օգնականի՝ Յուրի Ուշակովի հետ: Առաջին խնդիրը դա ենք դրել: Նամակ ենք գրել նախագահին, մենք ստացել ենք պատասխան: Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ ինքն է զբաղվում»,- ասել է Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Պուտինին ուղղված նամակում իրենք մտահոգություն են հայտնել այն հարցի շուրջ, թե ինչպես է Ադրբեջանը կատարում համատեղ հայտարարության՝ ռազմագերիներին առնչվող կետի իրագործումը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: