Ավիացիոն մահափորձ 9 դրվագով․ Դավիթ Դավթյան
«Զինուժ մեդիա»-ի թղթակից Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավիացիոն մահափորձ 9 դրվագով Հայտնի «Եղնիկների» հրամանատարից «ազատվելու» համար Ադրբեջանը 44 օր կիրառեց ավիացիա` թիրախավորելով հատկապես նրա հավանական գտնվելու շինությունը: 9 անգամ: Կործանիչ ավիացիա, հարվածային անօդաչուներ, հրետանային համազարկ, հրթիռային չդադարող գրոհ: Ողջ մնաց: Անսասան, ռացիան ձեռքին, զորքը` թիկունքին: Հավանական այդ շինությունից հիմքերն են մնացել, սյուներն ու թիթեղյա տանիքի բեկորները: ԵՎ սմերչի հրթիռի չպայթած կասետային պայթուցիկները: Յուրաքանչյուր գրոհից հետո, հիասթափվել են, երբ Գնդապետի նոր հակագրոհն են արձանագրել կամ չեն հասցրել արձանագրել: Հետո կրկին նշան են բռնել արդեն հողին հավասարված շինության ուղղությամբ, էլի հրետակոծել, էլի` անակնկալի եկել: Խորհրդավոր է հրամանատարը, ճիշտ անառիկ լեռուձորի պես: Մտքերը կարելի է հայացքից կարդալ, ընկալել, առաջ անցնել: Առանց հարցուպատասխանի: Կարճատև լռությունն ամենաերկար զրույցն է, ամենաթեժն ու եզրափակիչը: Արցախի հերոսի մասին պատերազմական դրվագներ կարելի է ամեն օր պատմել. 44 օր, 44 սխրանք: Իր տեղում է, իր գործին, իր առաքելությանը: Հերթապահություն է կազմակերպում: Բարդությունների մասին, ինչպես սպասելի է, լռում է, իրենց կատարած յուրաքանչյուր հաջողության մասին, նույնպես: Մնացին անցած մեկուկես ամսում, կպահեն «Եղնիկներում»: Մարտական ծառայությունը շարունակելի է: Սահմանին ժամկետայիններ են, պայմանագրայիններ, ՄՈԲ: Ստեփանակերտցի Չալյանով է հպարտանում, սխրագործ է: Սպասում են հակառակորդին. իր յուրայինների դիակներն, առանց խղճի, շարունակում է անտեսել, թողնել մարտադաշտում: Հիսունին մոտ են: Միայն այդ դիրքի մոտ: Ուշադրության կենտրոնում, առաջնագիծն է, մշուշոտ, մառախլապատ, անձրևոտ, անտառապատ ու մեծ հորիզոնում: Պատերազմի չնահանջած, մինչև վերջին րոպեն մարտնչած, անհաշվելի գրոհներ դիմադրած, ճակատի անխոցելի հրամանատարը. Գնդապետն իր լեռներում է. «Եղնիկներում»»:
Կարծիքներ