Տիխանովսկայան ծրագրում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԽԽՎ նիստերում

Տիխանովսկայան ծրագրում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԽԽՎ նիստերում

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ գործիչը ծրագրում է ելույթ ունենալ սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և սեպտեմբերի 8-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ նրա ելույթներն արդեն պլանավորված են, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի համար ԱԽ բոլոր անդամների համաձայնությունն է հարկավոր։

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հարցին, թե Տիխանովսկայան ու Բելառուսը միջազգային հանրությունից ինչ օգնություն են ակնկալում, գործիչը պատասխանել է, որ իրենք բոլորին խնդրում են հարգել Բելառուսի ինքնիշխանությունը, հանդես գալ որպես Բելառուսի ինքնիշխանության երաշխավոր և հարգել բելառուս ժողովրդի կամքը։ 

Նշվում է, որ միջազգային հանդիպումների ժամանակ Տիխանովսկայան ընդգծել է, որ Բելառուսի քաղաքացիների ընտրության պաշտպանության համար անցկացվող բողոքի ցույցերը բացառապես խաղաղ բնույթ են կրում, իսկ ճգնաժամային այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքը բանակցությունն է։ 

«Իշխանության ներկայացուցիչների և ժողովրդի միջև իշխանության փոխանցման շուրջ բանակցությունների հասնելը հենց բելառուսների պատասխանատվությունն է։ Սակայն մենք չենք հրաժարվում նաև դրանց մեկնարկի համար միջազգային օգնությունից։ Սա աշխարհաքաղաքական հեղափոխություն չէ, այլ ներքաղաքական ճգնաժամ։ Բելառուսի ժողովուրդը ցանկանում է երկրի նոր ղեկավար ընտրել։ Եվ նա դա անելու իրավունք ունի»,- նշել է ընդդիմության առաջնորդը։

Նշվում է նաև, որ «երկրում ազատ ընտրություններ անցկացնելուն պես շատ երկրներ իրենց պատրաստակամությունն են հայտնում Բելառուսի տնտեսության զարգացման և վերականգնման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ներդրումներ անելու»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում