Հայտնի են գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման մրցույթի առաջին փուլի արդյունքները
2023թ. հունվարին հայտարարված գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթի առաջին փուլի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 6 ծրագիր:
ՀՀ գիտական կազմակերպությունների և բուհերի 6 աշխատակիցներ մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով կմեկնեն արտերկրի առաջատար գիտական կենտրոններ (2 ծրագրի դեպքում՝ Ֆրանսիա, մեկական՝ ԱՄՆ, Իսպանիա, Միացյալ Թագավորություն և Իտալիա):
Ծրագիրը հայ գիտնականներին թույլ կտա բարձրացնել կազմակերպությունների գիտական ներուժը, ինտեգրվել միջազգային հետազոտական տարածքին, օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները: Մասնավորապես՝ ծրագրի շահառուների մի մասն ընդունող կազմակերպությում աշխատելու է գերժամանակակից գիտական սարքավորումներով, որոնք Հայաստանում նոր են կամ նախատեսվում է ձեռք բերել մոտ ապագայում:
Գիտության կոմիտեն այժմ ընդունում է հայտեր գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության մրցույթի երկրորդ փուլի համար:
Մրցույթին դիմել կարող է 35-50 տարեկան, գիտական աստիճան ունեցող անձը, որը ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպության կամ բուհի հետ ունի պայմանագիր, զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ և վերջին հինգ տարիների ընթացքում ունի կոնկրետ պահանջների բավարարող հրապարակումներ: Դիմել կարող է նաև ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման որևէ ծրագրում ընդգրկված մագիստրատուրայի ուսանողը:
Վերապատրաստման ծրագրի տևողությունը 2-ից 12 ամիս է:
Մրցույթի երկրորդ փուլի հայտերը կընդունվեն մինչև 2023 թ. օգոստոսի 25-ը:
Կարծիքներ