Առաջիկայում հույս ունենք Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու նորությունը լսել. Նիկոլ Փաշինյան
Մենք երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համենայնդեպս, նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել, չնայած՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռևս որևէ հաջողություն չունենք: Բայց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարևորագույն գործոն է մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի, խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռազմավարական տեսլականի համար: Առաջիկայում հույս ունենք Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը լսել, և սա կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ»,- նշեց ՀՀ վարչապետը:
Նա նաև հույս հայտնեց, որ Հարավային Կովկասը կդառնա աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան: «Հայաստանի Հանրապետությունը, ես անձամբ պատրաստ ենք կրել այս նպատակին հասնելու համար մեր բաժին պատասխանատվությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ