Թուրքական բորսաներում բիթքոինի փոխարժեքը լիրայի անկման ֆոնին մոտեցել է 100 հազար դոլարին

Թուրքական բորսաներում բիթքոինի փոխարժեքը լիրայի անկման ֆոնին մոտեցել է 100 հազար դոլարին

Թուրքական լիրայի փոխարժեքի անկման պատճառով բիթքոինի արժեքը կրիպտոարժույթի թուրքական բորսաներում հասել է 100 հազար դոլարի, վկայում են LocalBitcoins.com կայքի տվյալները: 13:00-ի դրությամբ գլխավոր կրիպտոարժույթի առքի առավելագույն գինը 752.4 հազար թուրքական լիրա է, ինչը ներկայիս փոխարժեքով մոտ 94 հազար դոլար է կազմում, փոխանցում է ՌԲԿ-ն:

Միեւնույն ժամանակ, Coingecko-ի տվյալներով, բիթքոինի արժեքը 13:20-ի դրությամբ 58 հազար դոլար է կազմում:

Երկուշաբթի՝ մարտի 22-ին, Թուրքիայի ազգային արժույթի փոխարժեքը, ըստ Investing.com-ի, հանրապետության կենտրոնական բանկի ղեկավարի հեռացման ֆոնին ընկել է 13.2 տոկոսով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նաջի Աղբալի հեռացման որոշումը կայացրել էր շաբաթ օրը՝ մարտի 20-ին: Աղբալն այս պաշտոնում նշանակվել էր չորս ամիս առաջ եւ երկրում բարձր գնաճի պատճառով հանդես էր գալիս դրամավարկային քաղաքականության խստացման օգտին: Վերջին երկու տարվա ընթացքում սա Թուրքիայի Կենտրոնական բանկի արդեն երրորդ ղեկավարն է:

Ավելի վաղ BTCC կրիպտոարժույթների բորսայի համահիմնադիր եւ նախկին գլխավոր տնօրեն Բոբի Լին կանխատեսել էր, որ բիթքոինն արդեն այս ամառ կթանկանա մինչեւ 100 հազար դոլար: Նրա կարծիքով՝ ընթացիկ աճող միտումը գլխավոր թվային մետաղադրամի արժեքը 300 հազար դոլարի կհասցնի, ապա «փուչիկը կպայթի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում