ԶԼՄ-ների հետ ԲԴԽ-ի և դատարանների փոխհարաբերության կանոնները փոփոխության կենթարկվեն
Օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշ դատավորներ «կամայական» որոշումներ են կայացրել և լրագրողներին չեն թույլատրել նկարահանել նիստի ընթացքը, իսկ ԶԼՄ ներկայացուցիչների միջնորդություններին անդրադարձել են նիստը սկսվելուց շուրջ քսանհինգ րոպե անց: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հակակոռուպցիոն դատարանը պարզաբանում է ներկայացրել, որում նշվում է․
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը պարզաբանում է, որ
– նախքան ԶԼՄ ներկայացուցիչների միջնորդությունները քննելը դատարանը պարզում է կողմերի ինքնությունը և ներկայացուցիչների լիազորությունները, որը բնականաբար, կախված հանգամանքներից, կարող է երկար ժամանակ պահանջել։ ԶԼՄ ներկայացուցիչների միջնորդությունները չեն կարող քննարկվել առանց այնպիսի հարցեր պարզելու, որոնցով պայմանավորված է դատական նիստի բացումից հետո այն ընդհանրապես շարունակելու հնարավորությունը,
-դատական նիստը դռնփակ կարգով իրականացնելու միջնորդությունը մերժվելու մասին որոշում կայացվելուց հետո դատական նիստն անմիջապես շարունակվում է դռնբաց կարգով, ինչի մասին ԶԼՄ-ի ներկայացուցիչները տեղեկացվում են դատական կարգադրիչի միջոցով, իսկ դատական նիստերի դահլիճ վերադառնալու համար հավելյալ ժամանակ չի տրամադրվում,
– ըստ քաղաքացիադատավարական օրենսդրության՝ լրատվամիջոցներին նիստը նկարահանելու թույլտվություն տալու համար պարտադիր է գործին մասնակցող բոլոր անձանց համաձայնությունը և դատարանի թույլտվությունը, և կոնկրետ դեպքերում Դատարանը գտել է, որ նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում նկարահանման միջնորդությունները ենթակա են մերժման,
– մամուլի հրապարակումներում հիշատակված՝ Բարձրագույն դատական խորհրդի 11.01.2019 թվականի թիվ ԲԴԽ-2-Ն-1 որոշման 18-րդ կետում կիրառվող «նիստից անմիջապես առաջ» արտահայտությունը վերաբերում է ոչ թե լրագրողի դիմումի քննարկմանը և լուծմանը, այլ՝ նրա բանավոր դիմումը նիստերի քարտուղարին ներկայացնելուն։
Միաժամանակ մեր գործընկերներին տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-2-Ն-1 որոշումն այժմ փոփոխման փուլում է: Այն կդրվի հանրային քննարկման և համատեղ քննարկումների արդյունքում գտնված լավագույն լուծումների միջոցով կկարգավորի ու կձևավորի միասնական գործելակերպ դատարանների և ԶԼՄ-ի միջև փոխհարաբերություններում»,-նշվում է պարզաբանման մեջ:
Կարծիքներ