«Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթ. ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության խրախուսում
Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ յուրաքանչյուր ուստարվա ավարտին կազմակերպել «Բրեյն-ռինգ» ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ այս տարի ևս տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը:
Մրցույթի նպատակն ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։
Մրցույթի մասնակիցներին ողջունել են ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ներկայացուցիչ Ալմաստ Մուրադյանը և ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Մակարյանը։
Յուրաքանչյուր մարզից մրցույթին մասնակցել է աշակերտների 5-ական թիմ։ Մրցույթում հաղթող է ճանաչվել Տավուշի մարզի թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լոռու մարզի թիմը, իսկ երրորդ տեղը գրավել է Արմավիրի մարզի թիմը։ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաղթողները ստացել են Գրիգոր Տաթևացու, Ալեքսանդր Սպենդիարյանի, Գևորգ Չավուշի անվան հուշադրամներ և գրքեր։ Չորրորդ հորիզոնականը գրաված Արարատի և Սյունիքի մարզերը ներկայացնող թիմերը ևս պարգևատրվել են։
Մրցույթի ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հատուկ հարցեր են հնչեցրել, որոնց ճիշտ պատասխաններ տված մասնակիցները՝ Մերի Գևորգյանը, Նելլի Միտիչյանը և Գոռ Եղիազարյանը, արժանացել են այդ կառույցների հատուկ մրցանակներին:
Կարծիքներ