ԵՊՀ-ում անցկացվել է «Կիրառական քիմիա. էքսպո 2022»-ը
ԵՊՀ բակում Քիմիկոսի միջազգային օրվան ընդառաջ տեղի է ունեցել «Կիրառական քիմիա. էքսպո 2022» ցուցահանդեսը, որի շրջանակում Մայր բուհի բակում էին համախմբվել ՀՀ շուրջ 35 արտադրող ընկերության ներկայացուցիչներ, ավելի քան 10.000 մասնակիցներ, այդ թվում՝ 3.500 դպրոցական:
Ցուցադրության ընթացքում ներկայացվել է քիմիայի կիրառությունը կյանքում, մասնավորապես կենցաղային քիմիայի, խնամքի կոսմետիկ միջոցների, սննդի արդյունաբերության, դեղագործության, հանքահումքային արդյունաբերության և շինանյութի արտադրության, ագրարային, էկոլոգիայի, ինչպես նաև արտադրության որակի վերահսկման ոլորտներում։
Միջոցառմանը ներկա է եղել նաև Մայր բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա շրջել է բոլոր տաղավարներով, զրուցել ուսանողների և հյուրերի հետ՝ ընդգծելով, որ ցուցահանդեսի նպատակներից է ամրապնդել գործատու-համալսարան կապը։
Դպրոցների ուսուցիչները կարևորել են նմանօրինակ ցուցահանդեսների անցկացումը, քանի որ գիտելիքների գործնական կիրառությունը կարևոր է տեսական նյութերի յուրացման համար: Ուսուցիչները փաստել են նաև, որ աշակերտներն էլ մեծ հետաքրքրությամբ են շրջել տաղավարներով:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի և Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված համատեղ ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են ոչ միայն Քիմիայի ֆակուլտետում արված հետազոտությունների արդյունքները, այլև ՀՀ-ում գործող տարբեր կազմակերպությունների արտադրանքները։
Կարծիքներ