Եվրոպայի համալսարանական խաղեր. Գևորգ Բեգլարյանը՝ պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանը դարձել է Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) ծրագրով անցկացվող պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր։
Նրան ուղեկցել է մարզիչ Ռիմա Բեգոյանը:
Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում ավարտված խաղերում ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը 16 թիմերի մրցապայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Թիմի կազմում հանդես են եկել Ասյա Պողոսյանը, Ռիմա Խլղաթյանը և Մանե Ղազարյանը։
Թիմի մարզիչն է ՀՀ սեղանի թենիսի ազգային հավաքականի մարզիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղուկասյանը։
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ թենիսիստները հանդես են բերել մարզական բարձր պատրաստականություն, կամային որակներ և պայքարել են մինչև վերջ։
Ենթախմբում, որում ընդգրկված էին Մեծ Բրիտանիայի Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցը, Թուրքիայի Ս․ Դեմիրելի համալսարանը և Ալբանիայի համալսարանը, մեր հավաքականը երեք հաղթանակ է տարել, իսկ քառորդ եզրափակչում պարտվել է մրցաշարի ապագա չեմպիոնին՝ Զագրեբի համալսարանի թիմին։ Անհատական պայքարում և զուգախաղում մեր աղջիկները սահմանափակվել են մեկական հաղթանակով։
Ավելի վաղ ՀՖԿՍՊԻ ուսանող Դավիթ Թորոսյանը բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) թաեքվոնդոյի մրցումներում: Թորոսյանը, հաղթելով պորտուգալացի և անգլիացի մարզիկներին, կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին:
ՀՖԿՍՊԻ շախմատի թիմը ևս դարձել էր խաղերի բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը՝ որպես համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի անդամ, նշանակվել էր ֆուտզալի մրցումների ղեկավար:
Եվրոպական համալսարանական խաղերին մասնակցել է 36 երկրի շուրջ 5000 պատվիրակ: Մրցաշարն անցկացվել է 20 մարզաձևից:
Կարծիքներ