Գնիր գիրք, օգնիր քաղցկեղ ունեցող երեխաներին. «Զանգակ»-ում վաճառքի հասույթի մի մասը կուղղվի հիմնադրամին
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով՝ փետրվարի 15-ին «Զանգակ» գրատների ցանցում գրքերի վաճառքից գոյացած հասույթի մի մասը կուղվի մանկական քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցող «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը մասնավորապես ասաց. ««Զանգակ» գրատների ցանցի ողջ օրվա գրքերի վաճառքի հասույթից որոշակի տոկոս տրամադրվելու է հիմնադրամին՝ երեխաների խնդիրները հոգալու համար: «Զանգակ»-ի օրինակով շատ ուրախ կլինենք, որ այլ գործարարներ նույնպես նման նախաձեռնություններով հանդես գան ժամանակ առ ժամանակ: Հանրության կողմից աջակցությունը շատ կարևոր է»:
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի հետ համատեղ ծրագրի շրջանակում կենտրոնում բուժում ստացող երեխաները պատրաստել են նաև բացիկներ, որոնք փետրվարի 15-ին կուղարկվեն աշխարհում մանկական քաղցկեղի բուժման 550-ից ավելի կենտրոններում բուժվող երեխաներին՝ ի նշան ոգեշնչման, գոտեպնդման, միասնության: Հիմնադրամի տնօրենը նշեց, որ նախաձեռնության խորագիրն էլ հուշում է այն մասին, որ փոքրիկներն այդ պայքարում միասին են: Երեխաների պատրաստած բոլոր բացիկները կուղարկվեն «ՀայՓոստ»-ի աջակցությամբ:
Փետրվարի 15-ի երեկոյան հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջով ուղիղ կհեռարձակվի նաև պանել-քննարկում՝ «Հայաստանում մանկական քաղցկեղի հետ կապված խնդիրները և հաջողությունները» խորագրով: Քննարկմանը կմասնակցի նաև հիմնադրամի շահառուներից մի աղջիկ, որը հաղթահարել է քաղցկեղը:
«Այս տարի շատ մարդաշատ միջոցառումներ չենք կարողանում անել, բայց փորձեցինք ևս մեկ անգամ խնդրի մասին հիշեցնել, մարդկանց կոչ անել անտարբեր չլինել այս խնդրի նկատմամբ: Մանկական քաղցկեղը բավականին լուրջ խնդիր է, որը կարող է լինել ամեն տեղ: Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս աջակից լինենք այդ մարդկանց: Հաճախ մենք ինչ-որ դեպք ենք տեսնում «Ֆեյսբուք»-ով, հեռուստացույցով և այդ պահին բավականին մտահոգվում ենք երեխայի համար, բայց իրականում կան բազմաթիվ երեխաներ, որոնց անունները մարդիկ չեն լսում, սակայն հիմնադրամն այդ երեխաներին օգնում է: Այսինքն պետք է հասկանալ, որ այդ օգնությունը պետք է լինի համակարգային: Հիմնադրամները գործում են նրա համար, որ համակարգային օգնեն բոլորին»,-ասաց Դեմիրճյանը:
Քանի որ բուժումը երկարատև գործընթաց է, հետևաբար նա կարևորեց նաև, որ բուժման շարունակականությունն ապահովելու համար մարդկանց կողմից օգնությունն էլ լինի շարունակական:
Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-100 դեպք, բուժվելիությունը մոտ 70-75 տոկոս է: 2020-ին հիմնադրամում գրանցվել է 105 նոր շահառու, առողջացել է 67 հոգի: 2020-ին հիմնադրամը տրամադրել է մոտ 360 մլն դրամի աջակցություն:
Աննա Գրիգորյան
Կարծիքներ