ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում տեղի ունեցող զարգացումներով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում տեղի ունեցող զարգացումներով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է  Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրություններով և կողմերին զսպվածության կոչ է անում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին ճեպազրույցում ասել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ լարվածության մասին վերջին հաղորդագրություններին:  Մենք հիմա չենք կարող ստուգել այդ տվյալները», - ասել է Դյուժարիկը:

Նա նաև հավելել է. «Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և բոլոր առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով»:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում