ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել են թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ձեռքբերումները և հետագա անելիքները
Սեպտեմբերի 10-ին ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչություն պետ Կարինե Սուջայանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) առաջին փոխնախագահ Անտուանետա Վասիլևային (Բուլղարիա), GRETA-ի անդամ Իա Դադունաշվիլիին (Վրաստան) և ԵԽ աշխատակազմի քարտուղար Ռոեմեր Լեմետղին (Ֆրանսիա):
GRETA-ի փորձագետները ներկայացրին սեպտեմբերի 6-10-ը ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին կոնվենցիայի իրականացման շրջանակներում Հայաստան կատարած երրորդ շրջանի գնահատման այցի նախնական արդյունքները և նկատառումները: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ձեռքբերումների և հետագա անելիքների վերաբերյալ:
Այցի շրջանակներում տեղի են ունեցել GRETA-ի փորձագետների հանդիպումները ՀՀ փոխվարչապետ, թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների, Երևանում և Վանաձորում տեղակայված թրաֆիքինգի հարցերով մասնագիտացված ստորաբաժանումների, ինչպես նաև ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ:
Կարծիքներ