Կարծում եմ՝ Լավրովը փորձել է այնպիսի հայտարարություն անել, որում տեղ կգտնի նաև Ադրբեջանի ուզած նարատիվը․ Մարուքյան

Կարծում եմ՝ Լավրովը փորձել է այնպիսի հայտարարություն անել, որում տեղ կգտնի նաև Ադրբեջանի ուզած նարատիվը․ Մարուքյան

Օրերս Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ չի քննարկվել։

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են երաշխիքներ տրամադրել վերադառնալ ցանկացողներին։

«Պետք է ասեմ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այս իմաստով չի համապատասխանում քննարկված առարկային, որովհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ նման հարց չի քննարկվել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ունեցել է երկկողմ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որից հետո նա, իմ կարծիքով, փորձել է այնպիսի հայտարարություն անել, որում տեղ կգտնի նաև Ադրբեջանի ուզած նարատիվը։ Ես կարծում եմ, որ լավ կլիներ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն անդրադառնար Նոյեմբերի 9-ի հայտարարության, որը ստորագրել է նաև Ռուսաստանի նախագահը, 7-րդ կետին։ Օրինակ՝ ներքին տեղահանվածները վերադարձե՞լ են, թե՞ չեն վերադարձել։ Այս հարցով պարտավորությունը իրականացվե՞լ է, թե՞ չի իրականացվել»,- ասել է Մարուքյանը՝ վստահեցնելով, որ ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ Հայաստանը չի բանակցում, նման թեմա բանակցությունների սեղանին չկա, դա ընդամենը Ադրբեջանի կողմից տարածվող քարոզչություն է։

Ըստ նրա՝ եթե հասնեն կետին, որ Ադրբեջանը կկատարի Նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր ստանձնած պարտավորությունը ներքին տեղահանվածների վերադարձի վերաբերյալ, այդ ժամանակ կարող է խոսակցություն բացվել ադրբեջանցիների վերադարձի մասին։

Պաշտոնյայի խոսքով՝ ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ Հայաստանը պարտավորություն չի ստանձնել, իսկ Ադրբեջանն ունի պարտավորություն Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից ներքին տեղահանվածների վերադարձն ապահովելու հարցով։

«Երբ նրանք կկատարեն իրենց պարտավորությունը, կուզենան խոսել դրա մասին, ուրեմն այդ խոսակցությունը կբացվի։ Իսկ ինչի՞ մասին է այդ խոսակցությունը։ Իրենք ասում են, որ Հայաստանից ադրբեջանցիներ են գնացել։ Բայց Ադրբեջանից էլ հայեր են գնացել։ Հայերը գնացել են մազապուրծ՝ սպանությունների, ահաբեկչության, տներն այրելու սպառնալիքների տակ և դարձել փախստականներ, իսկ ադրբեջանցիներն այստեղից գնացել են տները փոխելով, դրանց դիմաց փոխհատուցում ստանալով»,- ասել է Մարուքյանը:

Նա խոսել է նաև Ադրբեջանի քայլերի մասին, որոնցով փորձ է արվում ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների իրավունքները հավասարեցնել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հետ։ Մարուքյանի խոսքով՝ Ադրբեջանի այդ փորձը շատ թույլ է և անիմաստ, դրանով Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի բացառիկությունը նվազեցնել, մինչդեռ այդ բացառիկությունը ֆիքսված է Նոեմբերի 9-ի փաստաթղթով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում