«Փյունիկ»-ի գլխավոր տնօրենը ներողություն է խնդրել խաղադաշտ ներխուժած երեխային հարվածելու համար
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Դյուդելանժ»-ի հետ խաղից հետո մարզադաշտ մուտք գործած երեխաներից մեկին հարվածելու համար:
«Ցանկանում եմ հայցել ձեր ներողամտությունը «Դյուդելանժի» հետ տնային խաղի ավարտից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Միջազգային հանդիպումներ կազմակերպող իմ գործընկերները շատ լավ կհասկանան, որ այս խաղերն իրենցից ենթադրում են մեծ պատասխանատվություն, և ցանկացած խախտում կարող է լուրջ հետևանքների առաջ կանգնեցնել ակումբին, ընդհուպ մինչև ամբողջ թիմի որակազրկում ու արգելք մասնակցելու եվրոպական մրցաշարերին:
Այնուամենայնիվ, քաջ գիտակցում եմ ու կրում եմ ամբողջ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար: Նվիրված լինելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին ու մեր երկրին՝ չկարողացա, ինչպես հարկն է, արձագանքել ու թույլ տվեցի զգացմունքներիս կառավարել ինձ: Ներողություն եմ խնդրում ակումբի հետ կապված բոլոր անձանցից ու փյունիկցիներից, քանի որ այս ակումբը միմիայն հաղթանակների, պատմության ու հարգանքի խորհրդանիշն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առաքելյանը:
Վերջինս նաև պատրաստակամություն է հայտնել անձամբ կապ հաստատել երեխայի, նրա ծնողների հետ և ներողություն խնդրել:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկ»-ը, Երևանում ընդունելով «Դյուդելանժ»-ին, զիջել էր նվազագույն հաշվով:
Կարծիքներ