Ռուսական հետախուզությունը գիտեր Ղազախստանում անկարգությունների նախապատրաստման մասին․ Նարիշկին

Ռուսական հետախուզությունը գիտեր Ղազախստանում անկարգությունների նախապատրաստման մասին․ Նարիշկին

Ռուսաստանի արտաքին հետախուզության  ծառայությունը  տեղեկություններ ուներ հունվարի սկզբին Ղազախստանում սկսված անկարգությունների նախապատրաստման մասին, «Московский Комсомолец»-ին տված հարցազրույցում ասել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Իհարկե եղել են։ Նախ այն մասին, որ Սիրիայում ջախջախված Իսլամական պետության  և այլ ահաբեկչական խմբավորումների զինյալները հասել են Կենտրոնական Ասիայիշրջաններ։ Դա գաղտնիք չէր ո՛չ մեզ համար, ո՛չ էլ այս պետությունների հատուկ ծառայությունների համար։ Հայտնի էր նաև, թե ում հովանավորությամբ է տեղի ունեցել նրանց տեղափոխումը»,- ասել է Նարիշկինը։

Նա նշել է, որ այս կապակցությամբ մտահոգություն են հայտնել տարածաշրջանի բոլոր պետությունները։ Ռուսական հետախուզությունը անկարգությունների նախապատրաստման մասին տեղեկությունները փոխանցել է Ղազախստանի և ՀԱՊԿ անդամ այլ երկրների գործընկերներին։

Այսօր, ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ղազախստանը դարձել է միջազգային ավազակախմբերի զոհը, որոնք օգտվել են երկրում ստեղծված բարդ իրավիճակից։

Հիշեցնենք, հունվարի 2-ին Ղազախստանի արևմտյան հատվածում զանգվածային բողոքի ցույցեր էին  սկսվել  հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման պատճառով։ Հետագա օրերին ցույցերը վերածվեցին  անկարգությունների և  տարածվեցին նաև երկրի այլ շրջաններում։ Իրավիճակը հատկապես ծանր էր Ալմաթիում, որտեղ ցուցարարները հարձակվեցին ոստիկանների և զինվորականների վրա,կողոպուտի և հարձակման ենթարկեցին մի շարք վարչական շենքեր, առևտրի կենտրոններ, խանութներ և բանկեր և կարճ ժամանակով գրավեցին օդանավակայանի շենքը։

Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցուցարարներին անվանել էր ահաբեկիչներ և հայտարարել հեղաշրջման փորձի մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում