Ադրբեջանցի պատգամավորներ ու այլ գործիչներ ծայրահեղական վիրավորանք և ատելություն են տարածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ. Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Ադրբեջանական պատգամավորներ ու այլ գործիչներ ծայրահեղական վիրավորանք և ատելություն են տարածում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով գործունեության հետ:
«Հայաստանի Օմբուդսմեն Արման Թաթոյանը անգրագետ և չափից դուրս լկտի սուբյեկտ է»,- նշել է ադրբեջանական Միլլի մեջլիսի պատգամավորը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով Պաշտպանի հայտարարություններին:
«Ժամանակ առ ժամանակ ընկնելով լիակատար հիստերիայի մեջ, նա առաջ է քաշում պահանջներ, որոնց մասին նորմալ մարդը նույնիսկ չէր էլ մտածի։ (․․․․) Այս ամենը վկայում է մանիակալ շիզոֆրենիայի ակնհայտ նշաններ ունեցող մարդու անհամարժեք պահվածքի մասին»,- նշել է ադրբեջանական այլ գործիչ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին։
Ըստ ադրբեջանական հրապարակումների՝ «Ա. Թաթոյանը օրեր շարունակ չափազանցնում է ռազմագերիների թեման՝ նյարդայնացնելով օտարերկրյա գործընկերներին, խորհրդարանականներին և լրատվամիջոցներին»:
Ադրբեջանական գործիչները մանրամասն «վերլուծել» են Արման Թաթոյանի կենսագրությունը, ԱՄՆ-ում ստացած կրթությունն ու աշխատանքային կենսագրությունը և ակնհայտ աղավաղելով ամեն ինչ՝ արել վիրավորական բնույթի, իրենց ձեռնտու եզրահանգումներ:
«Վատ չէր լինի՝ հայկական իշխանությունները ուշադրություն դարձնեին նրա (…) հայտարարություններին, որոնք հակասում են եռակողմ պայմանավորվածություններին»,- շարունակաբար նշում են ադրբեջանական գործիչներն ու մամուլը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ արձանագրում է, որ անկախ վիրավորանքի ու ատելության նշված արշավներից՝ շարունակելու է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող բոլոր հարցերը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստագրել է Պաշտպանի լիազորությունների իրականացման կապակցությամբ Արման Թաթոյանին ադրբեջանական քաղաքական ու այլ գործիչների կողմից, մամուլում հասցվող վիրավորանքի ու ատելության հրապարակումների հերթական ալիքը՝ դրանք միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով»:
Կարծիքներ