Կոռուպցիոն գործարք չէ, սոցիալական ծրագիր է. Երևանի փոխքաղաքապետը՝ Օղակաձև այգու և թենիսի կորտերի մասին

Կոռուպցիոն գործարք չէ, սոցիալական ծրագիր է. Երևանի փոխքաղաքապետը՝ Օղակաձև այգու և թենիսի կորտերի մասին

Հնարավոր է՝ Օղակաձև այգում թենիսի մեկ-երկու կորտ լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Օղակաձեւ զբոսայգու թենիսի կորտերի քանդման հարցին։

Հարցին՝ հնարավո՞ր է վերանայվի այս որոշումը՝ հաշվի առնելով հանրային բացասական արձագանքը, Հովհաննիսյանը պատասխանեց․

«Խոսքը գնացել է միայն թենիսի կորտերի և Օղակաձև 4-րդ այգին ամբողջությամբ հանրային տարածք դարձնելու մասին: Այսինքն, որ ամբողջությամբ հասանելի պետք է լինի, ցանցապատ տարածքներ չպետք է լինեն։ Այդ թվում՝ թենիսի կորտերը, որոնք թվով 6-ն են այնտեղ, նույնպես մասնավոր բիզնես են ներկայացնում, ինչքան էլ միտված են սպորտին։

Նախընտրական ընթացքում մենք դա ներկայցրել ենք,  ես խնդրում եմ , որ դուք տեսանյութը դիտեք, թե մենք ինչ տարածք ենք այնտեղ պատկերացնում, մեծ ներդրում է կատարվում, եւ հանրության համար ամբողջությամբ հասանելի տարածք է լինելու։

Թենիսի կորտերի մասով տվյալ կազմակերպության հետ միասին կքննարկենք և այլ տարբերակներ կառաջարկենք, որպեսզի այդ կազմակերպությունը կարողանա շարունակել իր գործունեությունը։ Կոնկրետ այդ այգում այդ ծավալի ու քանակի թենիսի կորտեր չեն կարող լինել, որովհետեւ այդ քանակի թենիսի կորտերն էական տարածք է զբաղեցնում 4-րդ Օղակաձև այգում։ Հնարավոր է մեկ-երկու կորտ, բայց արդեն այլ տեղադիրքով այդ տարածքում պահպանվի, բայց որևէ բիզնես գործոն այնտեղ չի լինելու։

Բացի այդ, ընթացիկ տարում Երևանի քաղաապետարանը համայնքային միջոցներով հանրությանը բաց և հասանելի արդեն 10 կորտ նախագծում է ունենալ, մի քանի վարչական շրջաններում արդեն գիտենք որտեղ են լինելու: Դա հանրային տարածք է, այսինքն՝ ցանկացած կառույց, շինարարություն, որը կանաչապատ տարածքի վրա է, դա պատկանում է համայնքին եւ հանրությանը»,- ասաց նա։

Արդյո՞ք սա գործարք չէ՝ հարցին, Երևանի փոխքաղաքապետն ասաց՝ ոչ:

«Սա բիզնեսի սոցիալական պատասխանատվության ծրագիր է և ցանկացած կազմակերպություն, որն ուզում է նման ծրագիր իրականացնի, մասնավորապես կանաչ գոտիների վերադարձման, արդիականացման, մենք պատրաստ ենք»,- ասաց փոխքաղաքապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում