Երբ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) 2022 թվականի սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:
Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից, ժամը՝ 13:00-ին. մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ, անձը հաստատող փաստաթղթով:
Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով`
1-ին տարիքային խումբ՝ 2005-2007 թթ. ծնված դպրոցականների համար (2 կմ) (աղջիկներ և տղաներ).
2-րդ տարիքային խումբ՝ 2004-1987 թթ. ծնված կանայք, 2004-1982 թթ. ծնված տղամարդիկ (10 կմ).
3-րդ տարիքային խումբ՝ 1986 թ. ծնված և բարձր տարիքի կանայք, 1981 թ. ծնված և բարձր տարիքի տղամարդիկ (10 կմ).
աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները, առանց տարիքային սահմանափակման խմբով (10 կմ):
Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները:
Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվում են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
1-ին տարիքային խմբի՝ 2 կմ վազքում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները պարգևատրվում են համակարգիչներով, իսկ 2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները (10 կմ) (կանայք և տղամարդիկ)՝ դրամական մրցանակներով: Դրամական մրցանակներ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի ու առանձնացված գործող աթլետների խմբերի 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ.
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ.
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ.
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ.
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ.
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ.
11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
ՀՀ քաղաքացի չհանդիսացող մասնակիցներին (միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրյա զբոսաշրջիկներ), մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավելու դեպքում, կտրվեն հավաստագրեր, մեդալներ, իսկ 1-ին տեղեր գրաված մասնակիցներին՝ նաև հուշանվերներ:
Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերի շրջանակում նախատեսվում են նաև ուղիղ եթերի, շարժական բեմի և լեդ էկրանի ապահովում: Մասնակիցների գործուղման ծախսերը (գիշերակաց, սնունդ և ճանապարհածախսը) հոգում է գործուղող կազմակերպությունը:
Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները: Փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ։
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77, մասնագիտական հարցերի դեպքում՝ (077) 85-81-08 երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ը:
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Կարծիքներ