Բիձինա Իվանիշվիլին 300 միլիոն դոլարի հայց է ներկայացրել շվեյցարական Credit Suisse բանկի դեմ. Bloomberg
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին 300 միլիոն դոլարի հայց է ներկայացրել շվեյցարական Credit Suisse բանկի դուստր կազմակերպություններից մեկի դեմ: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Ավելի վաղ, Իվանիշվիլին ավելի քան 100 միլիոն դոլար էր կորցրել բանկի նախկին մենեջեր Պատրիս Լեսկոդրոնի պատճառով:
Գործակալության տվյալներով` վրացի միլիարդատերն իրավունք է ստացել հայց ներկայացնել այն բանից հետո, երբ Սինգապուրի գերագույն դատարանը մերժել է Credit Suisse-ի հիմնավորումները: Բանկը մատնանշել էր վկաների հարցաքննության և սինգապուրցի քննիչների կողմից շվեյցարական բանկային գաղտնիքներով պաշտպանված փաստաթղթեր ստանալու դժվարությունները:
Հայցը ներկայացված է ընդդեմ բանկի դուստր կազմակերպություններից մեկի աշխատակցի դեմ: Ձեռնարկատերը կարծում է, որ բանկը տեղյակ է եղել իր նախկին մենեջերներից մեկի մեքենայությունների մասին, բայց ոչինչ չի ձեռնարկել դա կասեցնելու համար:
«Վրացի միլիարդատեր Իվանիշվիլին, որն իր կարողությունը ձեռք է բերել բանկային գործով և էլեկտրոնիկայով, միջոցներ ունի պայքարը շարունակելու համար ամբողջ աշխարհի տարածքում՝ հաշվի առնելով, որ նա ներդրումներ ունի Credit Suisse-ի այնպիսի հեռավոր մասնաճյուղերում, ինչպիսիք են Նոր Զելանդիան և Բերմուդյան կղզիները»,-նշել են գործակալության լրագրողները:
Պատրիս Լեսկոդրոնն արդեն խոստովանել է մեղքը, իսկ գործը դատարան է փոխանցվել 2017 թվականի հունիսին: Համաձայն հետաքննության ՝ Լեսկոդրոնը, առանց Իվանիշվիլիի իմացության, վրացի գործարարի հաշիվներից գումար է փոխանցել այլ հաճախորդների հաշիվներին՝ նրանց վնասները մարելու համար: 2007-2011 թվականների ընթացքում Իվանիշվիլիի հաշիվներից ապօրինի կերպով այլ հաշիվների է փոխանցվել 89 միլիոն դոլար, 24 միլիոն եվրո և 9 միլիոն շվեյցարական ֆրանկ:
Կարծիքներ