Թունիսի նախագահին կասկածելի փոշով ծրար են ուղարկել, որը բացած աշխատակիցը տեսողության կարճատև կորուստ է ունեցել
Թունիսի նախագահի գրասենյակի աշխատակիցը օրերս նախագահ Կայս Սայեդին հասցեագրված ծրարը բացելուց հետո, որի մեջ կասկածելի փոշի էր հայտնաբերվել, գլխացավ և տեսողության կարճատև կորուստ է ունեցել, հայտնել է երկրի նախագահի գրասենյակը, փոխանցում է english.alarabiya.net-ը։
Նշում է, որ աշխատակիցն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թունիսի նախագահի գրասենյակը կասկածելի փոշի պարունակող ծրար է ստացել և ուսումնասիրում է փոշու բաղադրությունը։
Երկրի նախագահ Կայս Սայեդն անձամբ չի բացել ծրարը։ Տեղական որոշ կայքեր հաղորդել էին, որ ծրարում հայտնաբերվել է ռիցինի մահացու տոքսին և որ այն հասցեագրված է եղել նախագահին։
2019 թվականի ընտրություններում հաղթած Սայեդն այս շաբաթ Ազգային անվտանգության պաշտոնյաներին հայտնել է, որ երկրի ներսում և արտերկրում նրա աշխատանքը խափանելու համար դավադրություններ են նախապատրաստվում։
Խորհրդարանը երեքշաբթի հավանություն է տվել նախարարների կաբինետում կադրային փոփոխություններին, որոնք խորացրել են վարչապետի և նախագահի միջև հակասությունը։
Կարծիքներ