Տոկիոյի Օլիմպիադան կարող է նաև չկայանալ, եթե պարզվի, որ այն կնպաստի կորոնավիրուսային վարակի տարածմանը

Տոկիոյի Օլիմպիադան, որը պետք է մեկնարկի հուլիսի 23-ին, կարող է չկայանալ, եթե պարզվի, որ այն կարող է նպաստել կորոնավիրուսային վարակի տարածմանը: Այս մասին ասել է Ճապոնիայի իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Տոսիհիրո Նիկաին: Նա իր հայտարարությունն արել է երկրում վատթարացող իրավիճակի ֆոնին՝ կապված համաճարակի հետ, ինչպես նաև սոցհարցման արդյունքների վրա հիմնվելով: Բնակչության մեծ մասի կարծիքը Օլիմպիադան անցկացնելու հարցի վերաբերյալ բացասական է:
Նիկաիի խոսքերով՝ դիտարկվում է նաև խաղերը չեղարկելու տարբերակը, եթե ակնհայտ դառնա, որ Օլիմպիական խաղերը կնպաստեն կորոնավիրուսային վարակի տարածմանը: Առայժմ հանգամանքները զարգանում են այնպես, որ չի կարելի ասել, որ դրանք նպաստավոր կլինեն Օլիմպիական խաղերի համար: Հինգշաբթի օրը Տոկիոյում փետրվարից ի վեր վարակակիրների ամենամեծ թիվն է գրանցվել: Որոշ ոլորտներում խիստ սահմանափակումներ են մտցվել: Kyodo News-ի հարցման արդյունքում պարզվել է, որ 39,2%-ը կողմ է Օլիմպիական խաղերի ամբողջական չեղարկմանը, 32,8%-ը՝ հերթական հետաձգմանը:
Այդուհանդերձ Օլիմպիական խաղերի հետ անմիջական կապ ունեցող բարձրաստիճան անձինք առայժմ շատ քիչ հավանական են համարում Օլիմպիադայի հերթական հետաձգումը կամ չեղարկումը:
Կարծիքներ