Քննարկվել են Քեմբրիջի համալսարանի հետ համագործակցության հեռանկարները
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Քեմբրիջի համալսարանի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի կրթության համագործակցության բաժնի ղեկավար Սթիվ Քինգին:
Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին` նշելով, որ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ փուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում:
«Բարձր ենք գնահատում միջազգային գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացումը, որն ուղղված է մեր կրթական համակարգի որակի բարելավմանը և պատրսատ ենք քննարկել արդյունավետ համագործակցության հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել հանրակրթության ոլորտում ազգային գնահատման, ուսուցիչների կարողությունների զարգացման, դասագրքերի ստեղծման մեխանիզմների վերաբերյալ թեմաներին:
Նախարար Ժաննա Անդրեասյանն իրազեկել է, որ ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվում է Հանրակրթության նոր չափորոշիչը, որը ենթադրում է նաև գնահատման նոր համակարգի գործարկում: Ըստ նախարարի՝ չափորոշիչը նախ փորձարկվել է Տավուշի մարզում, և թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների կողմից ստացվել են դրական արձագանքներ։
Քեմբրիջի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ «Այբ» և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամների հետ կայացել են հանդիպումներ և քննարկումներ ոլորտի վերաբերյալ: Նա նաև պատրաստակամություն է հայտնել քննարկել կրթական ոլորտներում ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները՝ աջակցելու նաև բարեփոխումներին:
Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարծիքներ