ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան:
Նրան ուղեկցել է Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մասնավոր թանգարանների հետ համագործակցությունը ՀՀ կառավարության համար առանցքային է՝ ոլորտի առաջխաղացման, նոր գաղափարների իրագործման, թանգարանները հանրության շրջանում հնարավորինս հանրահռչակելու նպատակով: Նրա խոսքով՝ մասնավոր թանգարաններ ճանաչողական այցերը ևս այդ նպատակն ունեն:
«Լուսինե Զաքարյանը հայ երգարվեստի ամենանշանավոր դեմքերից է, որը նվաճել է համաշխարհային բեմերը: Եվ մենք շատ ենք կարևորում, որ տուն-թանգարանը՝ որպես նրա վառ կենսագրության ու գործունեության մասին պատմող առաջնային միջավայր, հայտնի ու ճանաչելի լինի հանրության համար»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:
Թանգարանի ղեկավարը՝ Սուսաննա Դավթյանը, ներկայացրել է Լուսինե Զաքարյանի կենսագործունեությունից դրվագներ, տուն-թանգարանում պահվող նրա իրերը, ցուցանմուշները: Խոսելով Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու՝ Խորեն Պալյանի մասին, Սուսաննա Դավթյանը նշել է. «Ինչ-որ ցուցադրված է, գրեթե ամբողջը նվերներ են. նրանք չեն մտածել թանկարժեք իրեր ձեռք բերելու մասին: Իրենց հոգու մեջ էին գանձերը փնտրում»:
ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև վերջերս հաստատված «Թանգարանների մասին» օրենքին` ընդգծելով, որ օրենքի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության համակարգված գործունեությունը, կընդլայնվեն հնարավորությունները, և կբարձրանա ոլորտի արդյունավետությունը:
Այցի շրջանակում կողմերը քննարկել են թանգարանի տեսանելիության բարձրացմանը, թանգարանային միջավայրի պահպանությանը, պետության հետ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը բացվել է 2019 թվականին և գտնվում է Կողբացի 42/3 հասցեում:
Կարծիքներ