Հայկ Բաբուխանյանը դեմ է Վազգեն Մանուկյանի թեկնածությանը
Այսօր հրապարակվել է «Հայրենիքի փրկության» շարժման այն հայտարարությունը, որ 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձեւաչափը՝ ձեւավորելով «Հայրենիքի փրկության շարժում», նրանք հանդես են գալիս վարչապետի միասնական թեկնածուով ի դեմս` Վազգեն Մանուկյանի:
Այս կապակցությամբ մենք դիմեցեինք 17 կուսակցություններից մեկի` «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին:
- Պարոն Բաբուխանյան, ինչո՞վ է պայմանավորված «Հայրենիքի փրկության շարժում» ձեւավորելը, եւ ովքե՞ր են կազմում շարժման խորհուրդը:
- Նոր եմ տեղեկանում այդպիսի շարժում ձեւավորելու մասին, եւ, պատկերացում չունեմ թե ովքեր են այդ շարժման ղեկավարները ովքեր են:
-«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձեւաչափը՝ ձեւավորելով Հայրենիքի փրկության շարժում:
-Գուցե դա այլ 17 կուսակցությունների խորհուրդն է, որի մեջ մենք չենք մասնակցում:
-Ինչո՞ւ հենց այս պահին է հնչել 17 կուսակցությունների միասնական թեկնածուի անունը եւ ինչից ելնելով է ընտրությունը կանգ առել Վազգեն Մանուկյանի վրա, քանի որ մինչ այդ մի շարք անուններ էին շրջանառվում:
- ՍԻՄ կուսակցությունը լինելով 17 կուսակցությունների ֆորմատի մեջ, սակայն չի մասնակցել ձեր նշած որոշման կայացմանը: Եթե իրոք կա այդպիսի որոշում, ապա այն կայացվել է առանց մեզ եւ մենք այդ որոշման համար որեւէ պատասխանատվություն չենք կրում: Ավելին, կարծես թե կար պայմանավորվածություն անձերի անուններ չտալ: Թե ով եւ երբ է փոխել այդ պայմանավորվածությունը չեմ կարող ասել:
- Այդ դեպքում ինչպե՞ս է հայտարարությունը ներկայացվում 17 կուսակցությունների անունից:
- Նույնպես չեմ կարող ասել, քանի որ այդ որոշումից տեղեկացված չեմ: Գուցե կա 17 կուսակցությունների մեկ այլ ֆորմատ, այլ կազմով: Բանն այն է, որ այս ընթացքում որոշ կուսակցություններ դուրս են եկել, այլ կուսակցություններ միացել: Համենայնդեպս, հստակ ցուցակ, թե որ կուսակցություններ են ներկա փուլում «17-ի» ֆորմատի մեջ կարծես թե չկա:
- Իսկ ՍԻՄ-ը շարունակո՞ւմ է մնալ 17 կուսակցությունների ֆորմատի մեջ:
- Մենք պատասխանատու ենք այն համատեղ հայտարարությունների եւ գործողությունների համար, որոնց տվել ենք մեր հավանությունը: Մասնավորապես մենք պնդում ենք, որ Փաշինյանը եւ իր թիմը պետք է հրաժարական տան եւ որ պետք է շատ արագ անցկացվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ պետք է ստեղծվեր «Ազգային փրկության կոմիտե», որը այդպես էլ չստեղծվեց: Մեր կարծիքով այդ կոմիտեն պետք է բաղկացած լիներ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած 17 կուսակցությունների ներկայացուցիչներից եւ հանրային հեղինակություն, մասնագիտական եւ միջազգային ճանաչում ունեցող անհատներից, ունենար իր աշխատանքային կանոնակարգը, հաստատված ճանապարհային քարտեզը եւ այլն: Եթե ինչ-որ տեղ որոշել են լուծարել մինչ այժմ գործող 17 կուսակցությունների ֆորմատը, ստեղծելով «Հայրենիքի փրկության շարժում», մեզ համար անհայտ կերպով նույնիսկ հասցրել են ձեւավորել այդ շարժման խորհուրդ, ապա հարցը պետք է ուղղել համապատասխան հասցեատիրոջը: ՍԻՄ-ը մինչ օրս եղել է «17»-ի ֆորմատի մեջ:
- Այսպիսով Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ եք Վազգեն Մանուկյանի թեկնածությանը:
- Մեծ հարգանք ունենալով պրն. Մանուկյանի հանդեպ, եւ ճանաչելով նրան 1988թ.-ից, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ մենք ո՛չ կողմ ենք, ո՛չ էլ դեմ ենք: Մենք այդ հարցը պարզապես չենք քննարկել: Ընդ որում, մենք չենք քննարկել ոչ մի անձնական հարց: Նման հարց քննարկելուց առաջ պետք է հասկանալ, թե այս կամ այն վարչապետի թեկնածուն ի՞նչ կաբինետով է գալիս, ինչպիս՞ի ծրագրով, ինչպիսի՞ ճանապարհային քարտեզով, արդյո՞ք պատրաստ է նա պատասխանատվության ենթարկել Փաշինյանի հանցավոր ռեժիմի պարագլուխներին, արդյո՞ք իր տեղում մնալու է Արմեն Սարգսյանը եւ նման բազմաթիվ հարցեր:
Եվ վերջապես, դեռեւս լուծված չէ հիմնական հարցը` Նիկոլի հրաժարականը, եւ ինչ իմաստ ունի այսօր բաժանել գոյություն չունեցող ապագա իշխանության պաշտոնները: Երբ որ մենք կհասնենք մեր հիմնական նպատակին` Նիկոլի հրաժարականին, այն ժամանակ էլ պետք է քննարկել կոնկրետ թեկնածուների հարցը, որոնք կկարողանան իրականացնել ամբողջական իշխանափոխության ճանապարհային քարտեզը: Շատ կարեւոր է նաեւ, որ ապագա կառավարությունը անկախ նրանից` անունը կդնենք անցումայնին, թե ոչ, կկարողանա լուծել երկրի առջեւ դրված կարեւորագույն եւ հրատապ խնդիրները: Այդ առումով կարեւոր է, որ ապագա վարչապետը ունենա վստահության պաշար Ռուսաստանի Դաշնությունում:
- Այդ դեպքում որո՞նք են լինելու ՍԻՄ կուսակցության հետագա քայլերը:
- Մեր կուսակցությունը դեռեւս մինչեւ պատերազմի սկիզբը` սեպտեմբերի 18-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջվում էր Նիկոլի հրաժարականը: Ինչպես նաեւ բազմաթիվ հարցեր էին բարձրացվում եւ ուղենշվում դրանց լուծման ճանապարհները: ՍԻՄ-ը ունի իր քաղաքական օրակարգը եւ մենք այդ օրակարգը իրականացնելու ճանապարհին համագործակցում ենք ինչպես «17-ի ֆորմատում» գտնվող, այդպես էլ` այդ ֆորմատից դուրս գործող բազմաթիվ ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ:
Կարծիքներ