Պուտինը նշել է, թե ինչով կարող է զբաղվել նախագահի պաշտոնից հեռանալուց հետո
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո կարող է զբաղվել գինեգործությամբ: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին նա հայտնել է ուսանողների հետ հանդիպմանը:
ՌԴ-ում ուսանողների օրվա առթիվ տեսակապի միջոցով կայացած հանդիպմանն ուսանողները վերջինիս հարց են ուղղել, թե ինչպես է վերաբերվում Ալեքսեյ Նավալնիի հետաքննության արդյունքում ցուցադրված ֆիլմին, որում խոսվում էր «Գելենջիկում Պուտինի դղյակի» մասին: Պուտինն ի պատասխան նշել է, որ ֆիլմում ցուցադրված որևէ սեփականություն չի պատկանում ո՛չ իրեն, ո՛չ իր մտերիմներից որևէ մեկին:
Նախագահի խոսքով՝ «այն ամենից, ինչ ինքը տեսել է այնտեղ, իրեն հետաքրքրել է միայն մի բան՝ գինեգործությունը, այն էլ ոչ թե որպես բիզնես, այլ որպես գործունեության տեսակ»: «Որպես գործունեության տեսակ ես կզբաղվեի դրանով օրերից մի օր»,- ասել է Պուտինը:
«Ես խորհրդական ունեմ՝ Բորիս Տիտովը, որը «Աբրաու-Դյուրսո» խոշոր ընկերության սեփականատերն է: Նա այժմ որպես խորհրդական է աշխատում ինձ մոտ: Երբ ավարտեմ աշխատանքը, գուցե, գնամ նրա մոտ՝ որպես խորհրդական: Սակայն ոչ որպես գործարար, այլ որպես մասնագետ, թեկուզ իրավունքի ոլորտում»,- հավելել է ՌԴ նախագահը:
Կարծիքներ