Ապամոնտաժվելու է Բագրատունյաց պողոտա - Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը
Օգոստոսի 12-ից ապամոնտաժվելու է Բագրատունյաց պող. - Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Բագրատունյաց պող. - Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ 1 ամսով՝ փուլային տարբերակով, փակ կլինի Բագրատունյաց պողոտայի՝ անցմանը հարակից մեկական երթևեկելի գոտի:
Գործընթացի առաջին փուլում կփակվի Բագրատունյաց պողոտայից Երևանյան լիճ ուղղության 1-ին գոտին: Տրանսպորտային հոսքերի անցանելիությունը կապահովվի 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներով:
Այդուհետ, 2-րդ գոտու փակման պարագայում երթևեկությունը կիրականացվի 1-ին և 3-րդ գոտիներով, իսկ 3-րդ գոտու փակվելու դեպքում երթևեկելի կլինեն 1-ին և 2-րդ գոտիները:
Նույն սկզբունքով վերգետնյա անցման ապամոնտաժման ընթացքում կփակվի հանդիպակաց ճանապարհը (Երևանյան լճից Բագրատունյաց պողոտա եկող ուղղության մեկական երթևեկելի գոտին):
Հետիոտնային անցումը Բագրատունյաց պողոտայի մի մայթից մյուսը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի՝ Բագրատունյաց պող.- Չեխովի փողոցի հարակից հատված՝ մինչև աշխատանքների ավարտը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ